Շաբաթը անհանգիստ էր բոլոր այն ներդրողների համար, որոնք ժամանակին կրիպտոարժույթ էին գնել: Բիթքոինը, Էֆերիումը և մնացած բոլոր կրիպտոնելը զգալիորեն զիջել են դիրքերը: Շաբաթվա մեկնարկին մեկ բիթքոինի համար կարելի էր ստանալ 38 հազար դոլար: Այժմ արժեքը նվազել և հասել է 30 հազար դոլար ցուցանիշին: Առաջատար կրիպտոարժույթի արժեզրկումը հանգեցրել է ամբողջ շուկայի շոշափելի նվազմանը:
Այս միտումը ցավալիորեն հարվածել է ֆոնդային բորսայում ներկայացված այն ընկերությունների արժեթղթերին, որոնց գործունեությունն ուղղակի կամ անուղղակի կապված է կրիպտոարժույթի հետ: Դիրքերը զիջել է, օրինակ, կրիպտոարժույթների բորսա հանդիսացող «Քոյին-Բեյս» ընկերությունը:
Իսկ որոշ ներդրողների համար անկումը լավ հնարավորություն է դարձել ցածր գներով կրիպտո գնելու համար:
Բիզնես-աշխարհն արագ է զարգանում, և այն, ինչ երեկ անհավանական էր, այսօր եկամտի լուրջ աղբյուր է: Տիեզերական զբոսաշրջության ոլորտում առաջատար «Վիրջին Գալաքտիք» ընկերությունը որոշ հաջող փորձարկումներից հետո քաղաքացիական անձանց տիեզերք հասցնելու թույլտվություն է ստացել: Դրանից հետո ընկերության արժեթղթերը մեկ շաբաթում արժևորվել են ավելի քան 100 տոկոսով: Հաջող ընթացքի պարագայում ցուցանիշը կարող է զգալիորեն ավելանալ: Այժմ փորձագետները խորհուրդ են տալիս գնել կամ ունենալու դեպքում պահել «Վիրջին Գալաքտիքի» արժեթղթերը:
ՆԱՎԹԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
Նավթի գները շարունակում են բարձրանալ համաշխարհային տնտեսության վերականգնմանը զուգահեռ: Տարեսկզբի 52 դոլարի փոխարեն այժմ մեկ բարել նավթի արժեքը 75 դոլար է: Սակայն դա դեռ վերջը չէ: Հեղինակավոր մի շարք փորձագետներ արդեն կանխատեսել են 100 դոլար ցուցանիշ տարեվերջին: Իսկ սա նշանակում է, որ բենզինի գինը, այդ թվում նաև Հայաստանում, շարունակելու է բարձրանալ:
ՎԱՅՐԻՎԵՐՈՒՄՆԵՐ ՊՂՆՁԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ
Վայրիվերումներ են նկատվում նաև պղնձի շուկայում: Շաբաթվա ընթացքում մեկ տոննայի համար անհրաժեշտ էր վճարել 9 հազարից մինչև 9 500 դոլար: Բուն միջակայքը մետաղների շուկայի համար մեծ չէ, սակայն այժմ ներդրողները փորձում են կանխատեսել, թե որ կողմ կընթանան գները, և պետք է գնե՞լ, թե՞ վաճառել պղինձը: Շուկայում սպասվող փոփոխությունները կազդեն նաև Հայաստանի վրա: Մեր երկրից արտահանվող ապրանքների ցանկում պղնձի խտանյութը առաջին հորիզոնականում է: