Սերգեյ Փարաջանովի երևանյան թանգարանը բացվեց 1991-ի դժվար ժամանակներում, երբ Հայաստանում ամենաքիչը կարող էին մտածել թանգարան բացելու մասին: Բայց պոետիկ կինոյի մեծ էսթետն արդեն հիվանդ էր, և նրա ժառանգությունը փրկելու ու Երևան բերելու խնդիր կար:
Հիմա արդեն դժվար է պատկերացնել, թե ինչ հնարքներով, ինչ ջանքերի գնով ռեժիսորի մտերիմներից լուսանկարիչ Զավեն Սարգսյանին հաջողվեց Թբիլիսիից հայրենիք տեղափոխել Փարաջանովի գրեթե ամբողջ ժառանգությունը:
Տարին հոբելյանական է, և թանգարանի հիմնադիր տնօրեն Զավեն Սարգսյանը մտադիր էր 30-ամյակի առիթն օգտագործել քարոզչական նոր և միջազգային տարբեր նախագծեր իրականացնելու համար: Ցավոք, նրա անժամանակ մահն անկատար թողեց տասնյակ ծրագրեր և նախագծեր:
Հոբելյանին ընդառաջ առաջիններից մեկը նա ծրագրել էր հրատարակել «Սայաթ-Նովա» պատկերագիրքը, որում կներկայացվեին «Նռան գույնի» այն դրվագ-կադրերը, որոնք առավել շատ են մարդկանց մոտ հարցեր առաջացնում: Սարգսյանը նախատեսում էր դրանք ներկայացնել համառոտ մեկնաբանություններով, որոնք կարող էին ինչ-որ չափով լույս սփռել փարաջանովյան մտահղացումների վրա:
Մյուս հոբելյանական միջոցառումը Հայաստանի ազգային կինոկենտրոնի «Կինոյի տաճար» հատուկ նախագծի ցուցադրությունն է: Մի նախագիծ, որով Փարաջանովի «Հովնաթանյան» ֆիլմից բացի վերականգնվել և թվայնացվել են նաև «Նռան գույնից» դուրս մնացած, գրաքննության ենթարկված բնօրինակ կադրերը: Եվս մի ծրագիր, որով նախատեսվում է անիմացիաների մի ամբողջ շարք նվիրել փարաջանովյան տիկնիկներին, օրինակ՝ Կարմենի տիկնիկներով բեմադրության ռեժիսորի մտահղացմանը:
30 տարիների ընթացքում 600 մեծարժեք ցուցանմուշները համալրվել են, ու թանգարանի ֆոնդն այսօր ներառում է 1500 միավոր: Եվ ամբողջ այդ ընթացքում գրեթե 7 տասնյակ միջազգային ցուցահանդեսներով թանգարանը հետխորհրդային տարածաշրջանում, Եվրոպայում և Ամերիկայում ներկայացրել է Փարաջանով գեղագետին, նկարչին ու տիկնիկագործին՝ շարունակելով այն առասպելը, որ Փարաջանով անունն է կրում: