Ամառն իր տարերքի մեջ է: Վերջին շաբաթվա ընթացքում Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց Ձորի նախալեռներում և Երևանում գրանցվել է հունիսին օդերևութաբանության պատմության ընթացքում ամենաբարձր ջերմաստիճանը: Այսպիսի ջերմային պայմաններում մեր օրգանիզմը հատուկ խնամքի ու ուշադրության կարիք ունի: Պետք է իմանալ ինչպես այն պաշտպանել շոգից:
Առողջապահական գերատեսչությունը խորհուրդ է տալիս օրական օգտագործել շուրջ 3 լիտր հեղուկ։ Ջուրը ծարավը հագեցնելու ամենամատչելի միջոցն է, թանը ծարավը կկոտրի՝ պարունակող օրգանական թթուների, սպիտակուցների և աղերի շնորհիվ: Բնական հյութերից ամռանը կան նախընտրելիներ՝ լոլիկ, թուրինջ, բալ, սալոր և հոն։ Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն՝ իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո:
Ռուբեն Գրիգորյան, ԱՆ ՀՎԿԱԿ շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ - Խորհուրդ եմ տալիս ևս մեկ անգամ խուսափել ալկոհոլի ու սուրճի չարաշահումից: Կարելի է օգտագործել սառը ըմպելիքներ, մասնավորապես՝ թեյ՝ առանց շաքարի, թան, բնական հյութեր:
Օրվա ամենաշոգ ժամերին՝ 12:00-17:00-ն, պետք է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, իսկ երեխաների, հղիների, ծերերի, խրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց համար վնասակար են ոչ միայն արևի ուղիղ ճառագայթները, այլև բացօթյա ստվերոտ տարածքները:
Ռուբեն Գրիգորյան - Կարելի է տանից դուրս գալ, բայց հնարավորինս սահմանափակել դուրս գալու գործընթացը: Անհնարինության դեպքում կրել բաց գույնի հագուստ, գլխարկներ, պաշտպանիչ ակնոցներ:
Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են առաջացնել ճնշման տատանումներ, շնչառության խնդիրներ, մաշկի այրվածքներ, որոնք էլ ունեն այլ բացասական հետևանքներ:
Ռուբեն Գրիգորյան - Նման անոմալ շոգերը, օրինակ, զարկերակային ճնշում ունեցող պացիենտների մոտ կարող են բացասական հետևանքներ առաջացնել, անընդհատ պետք է կապի մեջ լինեն բուժող բժշկի հետ:
Կարևոր է նաև ճիշտ սնվել: Պետք է շոգին առանց այդ էլ գերծանրաբեռնված օրգանիզմը հավելյալ չծանրաբեռնել՝ նշում է Գրիգորյանը:
Ռուբեն Գրիգորյան - Խուսափել տապակած սննդամթերքից, ուտել հիմնականում կանաչեղեն, բուսական ծագման սննդամթերք, որպեսզի մեր օրգանիզմին հնարավորություն տանք լրացուցիչ ծանրաբեռնվածությունից խուսափել, չուտել տապակած, խորոված սնունդ, կծու, թթու:
Ռուբեն Գրիգորյանը մայրաքաղաքի տապից ու կիզիչ արևից խուսափելու համար խորհուրդ է տալիս հնարավորության դեպքում Հայաստանի բարձրադիր ու զով բնակավայրեր այցելել: