Վայելչագրական ու մանրանկարչական դպրոցները ժամանակի ընթացքում կամաց-կամաց իրենց տեղը զիջեցին տպագրական սարքերին: Տպագրությունը մոռանալ տվեց ձեռագրային ավանդությունները, որոնք ձևավորվել էին դարերի ընթացքում: Ժամանակակից աշխարհում, երբ անգամ ստորագրությունն է ձեռագրից էլեկտորնային դարձել, նկարչուհի Լիլիթ Ամիրջանյանը որոշում է վերակենդանացնել գրչության ավանդույթներն ու սկսում գրել և նկարազարդել Ավետարան մատյաններ:
Լիլիթը արտագրում ու նկարազարդում է երեք ամբողջական ավետարան: Առաջինն ու երրորդը թղթի, երկրորդը՝ մագաղաթի վրա: Առաջին Ավետարանը պարունակում է 30 տերունական նկար, 400 էջ ամբողջական տեքստեր, բազմաթիվ գլխազարդեր ու լուսանցազարդեր: Երեք ավետարաններն էլ գրել ու ծաղկել է թելադրանքով՝ ասում է Լիլիթը: Նպատակը ժամանակակից աշխարհում միակ կին ծաղկող լինելը չէր, այլ միջնադարյան մանրանկարչական պատկերագրական սխեմաների, ոճի ու կանոնների պահպանումը:
Լիլիթը Մատենադարանի մանրանկարչության և կրկնօրինակման բաժնի ղեկավարն է, հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հնաբնակներից, և հենց դրա համար էլ իր գրած ու նկարազարդած ավետարանները նվիրելու է հարազատ կառույցին:
Ազգագրագետ Լևոն Աբրահամյանը Լիլիթին համեմատում է միջնադարյան ծաղկողների հետ, իսկ քանդակագործ Ղուկաս Չուբարյանը ավետարանները տեսնելուց հետո գրել է, որ դրանք ազդարարում են ազգային գրքարվեստի, միջնադարյան ավանդույթի վերականգնումն ու Երևանյան դպրոցի ծնունդը:
Լիլիթի ավետարանների մասին շատերն են գրել՝ Հրանտ Մաթևոսյանից մինչև Հենրիկ Մալյան: Բոլորի գնահատականն էլ եղել է մեկը՝ ձեռագրային արվեստի այսօրինակ պահպանումը ոչ թե անձի կամ երկրի, այլ համընդհանուր, համամարդկային արժեք է:
Հեղինակ՝ Արթուր Հովհաննեսյան