Եվրոպական երկրների արտգործնախարարների` Արևելյան գործընկերության երկրներ առաջին համատեղ այցն ավարտվեց դրական գնահատականով: Դիվանագետները հունիսի 25-26-ը Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջուզեպ Բորելի տրամադրած լիազորության շրջանակում եղան Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում։
Այցի արդյուքները նախարարներն ամփոփեցին Թբիլիսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Արտգործնախարարները ևս մեկ անգամ վերահաստատեցին ԵՄ վճռականությունը՝ ավելի ակտիվ ներգրավվելու տարածաշրջանի ձգձգված հակամարտությունների կարգավորման գործընթացում. Դա ԵՄ-ի համար ունի ռազմավարական նշանակություն՝ շեշտեցին դիվանագետները: Հայաստան կատարած այցի մասին Ռումինիայի ԱԳ նախարարը շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Բոգդան Աուրեսկու, Ռումինիայի ԱԳ նախարար - Մենք գնահատում ենք ընտրությունների լավ կազմակերպվածությունն ու ժողովրդավարական բնույթը, ինչպես արձանագրել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը և այլ դիտորդական խմբերը: Ես ընդգծել եմ, որ արդեն նախկին կառավարության կողմից երկրի ժողովրդավարացմանն ու մոդեռնիզացմանն ուղղված բարեփոխումների գործընթացը պետք է Հայաստանի համար դառնա նոր ռազմավարական առաջնահերթություն:
Արցախյան երկրորդ պատերազմը հաշվի առնելով՝ դիվանագետները մանրամասնել են՝ Հայաստանում և Ադրբեջանում խորքային քննարկումներ են ունեցել ներկա իրադրության և առաջիկա անելիքների վերաբերյալ: Աուրեսկուն ընդգծել է՝ Հարավային Կովկասի տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի Եվրամիության համար:
Բոգդան Աուրեսկու - Մենք կոչ արեցինք գործել կառուցողական ոգով, վերակառուցել վստահությունը, քանի որ վստահության կառուցման միջոցները, որոնց շարքում են բոլոր գերիներին ազատ արձակելը, ականապատված բոլոր տարածքների քարտեզները հանձնելը, շարունակում են առաջնահերթություն մնալ: ԵՄ-ն շարունակելու է աջակցել նման զարգացումներին:
Հարավային Կովկասի տարածաշրջանում հասարակությունների միջև վստահության կարևորությունն ընդգծեց Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարարը: Նա ասաց, որ այսօր իրենք ցանում են առաջին սերմերը: Ալեքսանդր Շալենբերգն անդրադարձավ Երևանում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումներին ու դրանց ընթացքում ունեցած ինտենսիվ քննարկումներին:
Ալեքսանդր Շալլենբերգ, Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար - Գիտենք, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով առաջացած վերքերը դեռ բաց են, սակայն մենք կարիք ունենք ապաքինման գործընթացի: Այցը ցույց տվեց, որ կողմերը գիտակցում են՝ այդ գործընթացի կարիքն իսկապես կա, և նրանք ունեն գործընկերների կարիք՝ այս գործընթացն սկսելու համար: Եվրամիությունը պատրաստ է հնարավոր ամեն ձևով աջակցել:
Կայունություն ու կանխատեսելիություն. ահա սրանց կարիքն ունի տարածաշրջանը՝ կարծում է Լիտվայի արտաքին գործերի նախարարը: Գաբրիելիուս Լանդսբերգիսը հայտարարեց՝ Եվրամիությունն այն աշխարհաքաղաքական ուժն է, որը կարող է կարևոր առաքելություն ունենալ Հարավային Կովկասի տարածաշրջանում:
Գաբրիելիուս Լանդսբերգիս, Լիտվայի ԱԳ նախարար - Այցը լավ առիթ էր լսելու կողմերի կարծիքները՝ ինչպես կարող է Եվրամիությունն ավելի ներգրավված լինել: Պետք է օգնենք Հայաստանին և Ադրբեջանին՝ վստահության կառուցման հարցում: Ուրախ եմ, որ Եվրամիությունը նույնպես՝ Վրաստանի ղեկավարության հետ ներգրավվել է հայ գերիների վերադարձի և ականապատված տարածքների քարտեզներն Ադրբեջանին տրամադրման գործընթացում: Ես հույս ունեմ, որ սա կարող է շարունակվել:
Տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերը Բաքուն տապալում է՝ հիշեցրեց «Լուրերը» հարցուպատասխանի ժամանակ՝ հավելելով՝ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, ինչը սրել է տարածաշրջանային լարվածությունը: Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նման ապակառուցողական քայլը, Հայաստանի առաջարկը հարցի լուծման ուղղությամբ և ի՞նչ ուղերձ եք հղել այս հարցով Բաքվում:
Ալեքսանդր Շալլենբերգ - Չէինք ցանկանա ներկայացնել Հայաստանում և Ադրբեջանում մեր քննարկումների բոլոր մանրամասները: Դուք իրավացի եք: Կան հարցեր, որոնց պետք է առերեսվենք: Այդ ամենը սահմանների սահմանագծման, սահմանազատման և ազատ արձակման՝ վստահության կառուցման ընդհանուր տեսության ներքո է: Այդ ամենը կազմել է մեր քննարկումների գերակշիռ մասը: Սակայն խնդրում եմ հասկանալ, որ առաջնահերթ մենք ցանկանում ենք այդ ամենի մասին տեղեկացնել մեր գործընկերներին և գերագույն հանձնակատարին, մինչև մանրամասները հանրությանը ներկայացնելը:
Եվրոպացի արտգործնախարարների այցի վերաբերյալ զեկույցը կներկայացվի հուլիսին նախատեսված ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի ԵՄ ԱԳ նախարարների հաջորդ հանդիպմանը։