Ավստրալիայի Ուիլըբի և Ռայդ քաղաքների քաղաքապետերը միացել են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնին ուղղված կոչերին:
Ավստրալական երկու քաղաքում էլ բնակվում են հազարավոր հայեր: Նրանք Հայոց ցեղասպանությունը վերապրածների սերունդներն են, որոնք Ավստրալիայում հիմնադրել են հայկական համայնքային կենտրոններ, դպրոցներ ու եկեղեցիներ:
Ավստրալիայի վարչապետին ուղղված նամակում Ուիլըբիի քաղաքապետը վերահաստատել է քաղաքային խորհրդի դիրքորոշումը: Նամակում դատապարտվում է նաև ասորիների ու հույների ցեղասպանությունը՝ ընդգծելով պատմությունից դասեր քաղելու կարևորությունը:
Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու կոչով է հանդես եկել նաև Ռայդի քաղաքապետը, ինչպես դա միաձայն արել է քաղաքային խորհուրդը: