ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է ԻՐԱՆԻՆ
Իրանի կողմից ուրանի հարստացման ուղղությամբ ջանքերի լարումը կարող է խանգարել Իրանի միջուկային գործարքի վերականգնմանը միտված բանակցություններին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Անդրադառնալով ԱՄՆ վարչակազմի՝ Վիեննայում խորհրդակցությունների դադարեցման հավանականությանը, Բլինքենը ժամկետներ չի նշել, սակայն հավելել է, որ նման հնարավորությունն «ավելի է մեծանում»: The New York Times պարբերականի լրագրողների հետ զրույցում էլ պետքարտուղարը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Փարիզի տեսակետները համընկնում են այն հարցում, որ պետք է Չինաստանին թույլ չտալ ստանձնել աշխարհում առաջնորդի դերը: Նա նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո պարզ է դարձել, որ Վաշինգտոնը և Փարիզը համակարծիք են՝ պետք է հակազդել Չինաստանի ղեկավարությամբ նոր աշխարհակարգի ստեղծմանը:
ՆԱԽԿԻՆ ՈՍՏԻԿԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 22,5 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
ԱՄՆ Մինեապոլիսի դատարանը նախկին ոստիկան Դերեկ Շովինին դատապարտել է 22.5 տարվա ազատազրկման՝ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության համար: Մեղադրող կողմը պահանջել է Շովինին ազատազրկել 30 տարով: Դատավորի որոշմամբ՝ 15 տարի անց Շովինը կարող է դիմել ժամկետից շուտ ազատ արձակման համար: Անցած տարի մայիսին Մինեապոլիսում Ֆլոյդին ձերբակալելու համար ոստիկանությունը նրան խեղդող հնարք էր օգտագործել, ինչից հետո աֆրոամերիկացին հիվանդանոցում մահացել էր:
ԱՀԿ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՀԱԶԱՆԳԵԼ Է ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՊԱԿԱՍԻ ՄԱՍԻՆ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարն ահազանգ է հնչեցրել: Թեդրոս Գեբրեյեսուսը մանրամասնել է, որ համաշխարհային հանրությունը ձախողում է կորոնավիրուսի դեմ պայքարը: «Աշխարհի հարուստ երկրները պատվաստում են երիտասարդներին, որոնք ռիսկային գոտում չեն գտնվում, մինչդեռ աղքատ երկրներում պատվաստանյութերի խիստ պակաս կա»,- նշել է ԱՀԿ ղեկավարը: Գեբրեյեսուսը հայտնել է, որ իրավիճակը հատկապես վտանգավոր է Աֆրիկայում, որտեղ վարակի և մահվան նոր դեպքերն ավելացել են 40 տոկոսով՝ նախորդ շաբաթվա հետ համեմատած: ԱՀԿ ղեկավարը հերթական անգամ կոչ է արել երկրներին՝ ավելի ցածր եկամուտ ունեցող պետությունների հետ կիսել պատվաստանյութերի իրենց դեղաչափերը:
ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ՎԵՐԱՆՈՒՄ Է ԴՐՍՈՒՄ ԴԻՄԱԿ ԿՐԵԼՈՒ ԱՐԳԵԼՔԸ
Իսպանիայում այսօրվանից վերանում է դրսում դիմակ կրելու արգելքը: Քաղաքացիները, սակայն, պարտավոր են պահել սոցիալական հեռավորություն և փակ տարածքներում ու հասարակական տրանսպորտում կրել դիմակներ: Կանխարգելիչ միջոցների խախտման դեպքում անձը 100 եվրո տուգանք է վճարելու: Իսպանիայում պատվաստման գործընթացն ակտիվորեն շարունակվում է: Երկրի բնակչության ավելի քան կեսը ստացել է պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափը: