Հարավային Կովկասն այս պահին հասարակությունների միջև վստահության մեծ կարիք ունի: Այդ մասին Վրաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը: Նա անդրադարձել է Երևանում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպումներին ու դրանց ընթացքում ունեցած ինտենսիվ քննարկումներին:
«Մեր նպատակն էր հասկանալ, թե ինչ միջոցներով է հնարավոր կառուցել վստահություն: Այս այցը վերահաստատեց այն, ինչ արդեն գիտեինք՝ վստահությունն ամենակարևոր ռեսուրսն է, որի կարիքն ունի տարածաշրջանը, և որի պակասը կա: Մեր նպատակն է ցանել այդ վստահության սերմերը: Գիտենք, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով առաջացած վերքերը դեռ բաց են, սակայն մենք կարիք ունենք ապաքինման գործընթացի: Այս այցը ցույց տվեց, որ կողմերը գիտակցում են, որ այդ գործընթացի կարիքն իսկապես կա, և նրանք ունեն գործընկերների կարիք՝ գործընթացը սկսելու համար: Եվրամիությունը պատրաստ է հնարավոր ամեն կերպ աջակցել»,- ասել է Շալլենբերգը:
Նա նշել է, որ իրենք բարձր են գնահատում այս հարցում Վրաստանի դերակատարումը, որի միջնորդությամբ հնարավոր է դարձել Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակումը:
«Կարծում եմ՝ այդ եռակողմ համագործակցությունը շահեկան է բոլոր կողմերի համար»,- ասել է Ավստրիայի ԱԳ նախարարը: Նա նաև նշել է, որ ԵՄ-ն լիարժեքորեն սատարում է նման գործընթացներին: