Վանաձորի համար 11 մանկապարտեզի երկրորդ մասնաշենքը կարճ ժամանակ անց կունենա ժամանակակից տեսք ու իր հարկի տակ կընդունի շուրջ 200 երեխայի:
Արդեն իսկ շահագործվում է առաջին մասնաշենքը, այստեղ հաճախում է մոտ 120 երեխա: Երկրորդի շինարարությունն էլ ավարտեն, նորակառույց շենքերը կծառայեցնեն մեկ նպատակի՝ ապահովել երեխաների համար հարմարավետ պայմաններ:
Շինարարությունը նոր է մեկնարկել: Այս պահին հատակի քանդման աշխատանքներ են իրականացվում: Նախատեսվում է իրականացնել երկու հարկերի հիմնանորոգում՝ ներքին և արտաքին հարդարման, դռների և պատուհանների փոխարինման աշխատանքներ: Շինարարը վստահեցնում է՝ գործն ավարտին կհասցնեն սահմանված ժամկետում:
Աշխատանքներն իրականացվում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակներում:
Ֆինանսավորումը կազմում է 184 միլիոն 631 հազար դրամ: Միջոցները տրամադրել են ՀՀ կառավարությունն ու Համաշխարհային բանկը: