Միացյալ Նահանգների զինված ուժերը երեք շինարարական նախագիծ են իրականացնում ՀՀ Շիրակի մարզում: Մեկնարկել են հրշեջ-փրկարարական կայանների շինարարական աշխատանքները՝ հրշեջ ծառայությունների և արտակարգ իրավիճակների արձագանքման հնարավորությունների բարելավմանն աջակցելու նպատակով:
Մասնագետները նոր հրշեջ-փրկարարական կայան են կառուցում Գյումրիում, արդիականացնում են Ախուրյանի կայանը և նոր կայան են կառուցում Աշոցքում:
Հումանիտար շինարարական աջակցությունն իրականացնում է ԱՄՆ զինված ուժերի ինժեներների կորպուսը, որը համակարգում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:
«Հումանիտար աջակցություն ցուցաբերող նման նախագծերն օգնում են բարելավել արտակարգ իրավիճակների արձագանքման հնարավորությունները»,- հայտարարել է նախագծի համակարգող Նանա Կաչեիշվիլին:
Նշվում է, որ նման ծրագրերը Հայաստանի ու ԱՄՆ-ի սերտ գործակցության վառ օրինակ են, և կայանների պայմանների բարելավման շնորհիվ հրշեջներն ու փրկարարները կկարողանան ավելի լավ ծառայել բնակչությանը: