Հունիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այցելել է Հայաստանի Հանրապետությունում անօդաչու թռչող սարքերի և ռադիոէլեկտրոնային միջոցների արտադրությամբ զբաղվող մի շարք ռազմարդյունաբերական ընկերություններ:
Նախարարի պաշտոնակատարը շրջել է արտադրական սրահներում, ծանոթացել ընկերությունների գործունեությանը, իրականացվող նախագծերին և ապագա ծրագրերին:
Վաղարշակ Հարությունյանին ներկայացվել է ընկերությունների արտադրանքը, մասնավորապես՝ ժամանակակից անօդաչու թռչող սարքերի օրինակները։ Այցի ընթացքում քննարկվել են նաև ռազմարդյունաբերության զարգացման հիմնական ուղղությունները։
Վաղարշակ Հարությունյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին շրջանում ռազմարդյունաբերական ընկերությունների գործունեության ակտիվացում է նկատվում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է պետություն-մասնավոր փոխշահավետ համագործակցության խորացման անհրաժեշտությունը։