Նիգերիայի հյուսիս-արևելքում 12-ամյա հակամարտությունն ուղղակի և անուղղակի հանգեցրել է մոտ 350 հազար մարդու մահվան, որոնց մեծ մասը մինչև հինգ տարեկան երեխաներ են, ասված է ՄԱԿ-ի նոր զեկույցում:
2009 թ. «Բոկո Հարամ» զինված խմբավորումը ապստամբություն սկսեց, ինչի հետևանքով ավելի քան 2 մլն մարդ տեղահանվեց՝ առաջացնելով աշխարհի ամենասարսափելի մարդասիրական ճգնաժամերից մեկը: Այսօր միլիոնավոր մարդիկ օգնության կարիք ունեն, այդ թվում՝ սննդի, մաքուր ջրի, բուժսպասարկման, կացարանի, իսկ հակամարտության վերջը չի երևում: Այդ երկրում ամեն օր մահանում է 170 մարդ և, ցավալիորեն, զգալի մասը՝ երեխաներ, հայտնում է aljazeera-ն:
«Բոկո Հարամի» զինյալները վտանգ են ներկայացնում նաև հարևան պետությունների՝ Կամերունի, Չադի և Նիգերի համար՝ զինված հարձակումներ ու բռնություններ իրականացնելով սահմանամերձ շրջաններում:
Նիգերիայի նախագահը չի կարողանում ապահովել արդյունավետ պայքար գրոհայինների դեմ, քանի որ անվտանգության ուժերը ստիպված են դիմակայել մի քանի մարտահրավերների՝ երկրի կենտրոնում՝ անասնապահների և ֆերմերների բախումներին, հյուսիս-արևմուտքում՝ առևանգումներին ու ավազակային հարձակումներին, հարավում՝ անջատողականների խռովություններին: