Հանրապետությունում ձևավորված 15 քննական կենտրոններում այսօր անցկացվեց վերջին միասնական քննությունը: Ավելի քան 1300 դիմորդ գիտելիքն էր ստուգում «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից: Ձևավորված քննական կենտրոններից 4-ը Երևանում էին, 11-ը՝ մարզերում: Ամբողջ հանրապետությունում բուհ ընդունվելու համար ռուսաց լեզվից քննություն է հանձնում 241 դիմորդ: Իսկ Երևանում՝ ընդամենը 42-ը: Մեկը Ռիման է: Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան է ցանկանում ընդունվել: Ապագա մանկավարժ է:
Ռիմա Հովհանյան (դիմորդ) - Հասկանում եմ՝ ինչ կարևոր աշխատանք է դա: Ամեն ինչ կանեմ, որ հետաքրքիր դառնա կրթությունը:
Այս փուլից հետո ևս մեկ բանավոր քննություն, ու կսկսվի արդեն ուսանողական շրջանը: Էդգարն էլ այսօր վճռորոշ երկրորդ քննություն է հանձնում: Պատմության արդյունքից գոհ է: Քննությունից հետո առաջին բանը, որ կանի.
Էդգար Ստեփանյան (դիմորդ) - Ամենաշատը՝ խոր շունչ եմ քաշելու, պատմությունը բարդ է:
Էդգարը ռուսերենի օլիմպիադաների մրցանակակակիր է: Վստահ է՝ սիրած առարկայից բարձր միավորներ կհավաքի: Ապագա դիվանագետը կրթության համար ընտրել է մայր բուհի միջազգային հարաբերություններ բաժինը:
Էդգար Ստեփանյան - Հետագայում՝ դիվանագիտական, շատ եմ հետաքրքրված քաղաքականությամբ, ճիշտ դիվանագետների առկայությունը շատ կարևոր է:
Երևանի 14-րդ հիմնական դպրոցի մեկ այլ քննական կենտրոնում մենդելեևյան աղյուսակով հաշվարկներ էին անում քիմիայից քննություն հանձնողները: Այսօր այստեղ քննության չներկայացողները շատ են: 10 բացակա ունեն:
Արմեն Քերոբյան (քննական կենտրոնի ղեկավար) - Բացակաները կարող են առաջին փուլի ավարտից հետո նորից հայտագրվել հուլիսի 2-8-ը:
Քննության ճիշտ պատասխանները գնահատման և թեստավորման կենտրոնի կայքում հրապարակելուց հետո կսկսվի քննական երկրորդ փուլը: Առջևում նաև բանավոր քննություններն են: Մինչև այդ ծնողները, հետևելով քննությունների ընթացքին, անհամբեր սպասում են քննական երեք ժամվա ավարտին: Իսկ լուսանկարը հիշողության համար է: