Դեղորայքային բուժմանը զուգահեռ սոցիալ-հոգեբանական աջակցություն է անհրաժեշտ. Թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված գիտաժողովի ընթացքում հայտարարում են մասնագետները: Բոլորը միակարծիք են՝ հետևանքների դեմ պայքարելու փոխարեն պետք է տարածումը կանխել: Ոստիկանության ներկայացուցիչը դժվարանում է նշել, թե կոնկրետ որտեղից են Հայաստան ներկրվում թանկ ու էժան թմրամիջոցները, բայց փաստում է՝ նոր տեսակի սինթետիկ թմրամիջոցների տարածումը համացանցում սովորական է դարձել, հատկապես դեռահասներն են պատվիրում:
Արսեն Թադևոսյան (Քրեական ոստիկանության գլխավոր վարչության երրորդ բաժնի պետի տեղակալ) - Շատ թմրամիջոցների տեսակներ փոստային առաքումով են գալիս: Հիմա դրա համար մեծ պայքար ա գնում, բայց էլի խնդիր ենք ունենում, որովհետև սոցիալական ցանցերով են էդ ամեն ինչը արտերկրում պատվիրում: Դրա հետագա ընթացքը գնում ա արտերկիր, բացահայտման համար խնդիր ենք ունենում:
Հայաստանում նախորդ տարի թմրամիջոց օգտագործող 7400 քաղաքացի է հաշվառվել: Այս թիվն ամեն տարի ավելանում է 400-ով: Մոտ 62 տոկոսն օգտագործում է մարիխուանա: Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում նախորդ տարի ստացիոնար բուժում է ստացել 56 քաղաքացի: Կենտրոնի բժիշկ-նարկոլոգը նշում է՝ բուժվողների մեջ նաև կանայք կան:
Լիլիթ Մարգարյան (Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի բժիշկ-նարկոլոգ) - Կցանկանայի նաև տարիքային խումբն ընդգծել, որ բոլոր հաշվառված դեպքերից առավել մեծ քանակի գործածումը 28-49 տարեկան անհատներն են, որը կազմում է շուրջ 57 տոկոս, ինչպես նաև կընդգծեմ սեռերի տարբերությունը, այստեղ ընդգրկված են նույնպես իգական սեռի ներկայացուցիչներ, որոնք 141-ն են, կազմում է 2 տոկոս:
Կախվածությունների բուժման ազգային կենտրրոնում այս պահին բուժում է ստանում 39 քաղաքացի՝ բոլորը ալկոհոլից կախվածություն ունեցողներ են: Կենտրոնում 2020-ին շինաշխատանքներ են սկսվել, քառահարկ շենքի երեք հարկը պետական միջոցներով ամբողջությամբ նորոգել են: Հիմա, երբ ունեն համապատասխան պայմանները, բուժօգնությունն առավել արդյունավետ է դարձել:
Սուրեն Նազինյան (ՀՀ առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն) - Կիսատ էին թողում բուժումը, որովհետև պայմանները վատն էին, հիմա բուժօգնությունը անհամեմատ լավացել ա:
Երևանից բացի, թմրամիջոցներ օգտագործող քաղաքացիների վիճակագրությունը մեծ է Սյունիքում, Շիրակում և Լոռիում: Կախվածություն ունեցողները, ըստ մասնագետների՝ ամբողջովին չեն բուժվում, բայց վիճակը հնարավոր է վերահսկելի դարձնել դեղորայքով և քաղաքացիներին վերադարձնել բնականոն կյանք: