Խդր Կասիմի կյանքը փրկված է: Հայ սրտաբաններից երկուսուկես ժամ պահանջվեց՝ վիրահատելու ազգությամբ եզդի, Իրաքի քաղաքացու սիրտը: Բժիշկը նշտարը դեռ վայր չէր դրել, բարդ վիրահատության ժամանակ նույնիսկ բժշկական լարերով փաթաթված հիվանդը խոստովանեց՝ իրեն բավարար է զգում:
Խդր Կասիմ Չատո, Իրաքի բնակիչ - Շնորհակալություն Հայաստանին, հայ բժիշկներին: Թեև վիրահատությունն ընթացքի մեջ է, բայց ինձ լավ եմ զգում՝ Իրաքում անցած մյուս վիրահատական միջամտութունների համեմատ:
Մինչև Հայաստան տեղափոխվելը երկու վիրահատություն է անցել: Հայ սրտաբաններին հաջողվեց բացել սիրտը սնուցող խցանված զարկերակը, վիրահատել առանց անզգայացման:
Մերուժան Սաղաթելյան. սրտաբան - Երկու անհաջող միջամտություն էր անցել տարբեր տեղերում, մեզ էին ուղարկել տվյալները, հրավիրել էինք անոթը վերականգնելու: Սովորաբար նման վիրահատության շանսը մոտ 85 տոկոս է: Արեցինք՝ հաջող արդյունքով:
Փոքր Արզնդայից հետո իրաքցի տղամարդը երկրորդն է, որին Հայաստանը ձեռք է մեկնում, վիրահատում «Նորք-Մարաշ» բուժկենտրոնում: 2014-ին Իրաքում եզդիների ցեղասպանությունից հետո այդ մարդիկ հայտնվել են ծանր վիճակում: Եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանն է նախաձեռնել՝ օգնելու թեթևացնել նրանց հոգսը:
Ռուստամ Բաքոյան, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ - Դժվարություններ եկան համավարակի պատճառով: Հիմա հնարավորություն կա, ճանապարհները բացվել են, մենք մեր ծրագիրը վերսկսում ենք: Արդեն Իրաքի քաղաքացու վիրահատությունը հաջող ավարտվեց:
Շարաֆ Խդր Կասիմ, Խդր Կասիմ Չատոյի որդին - Երկար ժամանակ հայրս սրտի խնդիր ուներ: Ծրագրից իմացանք, որ Հայաստանում սրտի լավ բժիշկներ կան, կապ հաստատեցինք պարոն Բաքոյանի հետ, նրա միջոցով փորձեցինք տեղափոխել Հայաստան: Փառք Աստծո, լավ անցավ: Հորս խնամելու պատճառով թողել էի աշխատանքս, կվերադառնամ, կվերականգնեմ:
Միջամտական սրտաբանության, սրտային վիրաբուժության բարձր որակն է, որ թույլ է տալիս աշխարհի տարբեր երկրներից հիվանդին սիրտը վստահել հայ մասնագետներին: Կենտրոնն, ըստ Միքայել Ադամյանի, հագեցած է ժամանակակց սարքերով, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել միջազգային չափանիշներով բուժօգնություն:
Միքայել Ադամյան, Երևանի «Նորք-Մարաշ» բուժկենտրոնի տնօրեն - Առաջին բալիկը լավ է, երկրորդը ևս, արդյունքը լավ է: Համագործակցությունը երկար կլինի, կվիրահատենք սրտեր, Հայաստանը պատրաստ է օգնել իր բարեկամներին:
Պայմանավորվածություն կա՝ բուժօգնության նպատակով Իրաքից էլի եզդիներ կտեղափոխվեն Երևան: Սիրտը վիրահատված Խդր Կասիմը երկու օրից դուրս կգրվի հիվանդանոցից: