Երևանը հրաժեշտ է տալիս քաղաքական գովազդներին: Օրինակ՝ Նոր Նորք վարչական շրջանում մինչև շաբաթվա ավարտ խոստանում են՝ ավարտել աշխատանքները:
Հակոբ Պապոյան (Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ) - Հիմա պետք ա հանենք, վարչական շրջանի ղեկավարից հրահանգ ունենք:
Օրենքով սահմանվում է, որ արտաքին գովազդը պետք է չգերազանցի 5 մետր քառակուսին և պարունակի միայն ներկայացվող ընկերության լոգոն: Ընտրական օրենսգրքի համաձայն՝ քարոզարշավի ընթացքում նախընտրական ուժերի հետ ասոցացվող 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով պաստառները ևս պետք է հեռացնել:
Ընտրությունների օրերին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ էր տվել նաև 5 քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներ փակցնել, ԿԸՀ-ում վիճակահանությամբ բաշխվել էր քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը՝ հաշվի առնելով ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների ներկայացրած հայտերը: Այս ցուցակներից դո՞ւրս են փակցված պաստառները, առանց ստուգելու հանում են վարչական շրջանի աշխատակիցները. արդեն ժամանակն է:
Նաև մինչև 5 քառակուսի մետր մակերեսով՝ նախընտրական քարոզչության հետ ասոցացվող պաստառները, տպագիր և այլ նյութերը պետք է հեռացնել, եթե նշված պաստառների, տպագիր և այլ նյութերի ծախսերը սահմանված կարգով չեն ներառվում նախընտրական հիմնադրամում: Խախտմամբ փակցված քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը հեռացնում է վարչական շրջանը, եթե կարիք լինի՝ նաև ոստիկանության աջակցությամբ:
Իսկ մինչև շենքերի դեմքերը կմաքրվեն, դեռ պատերից բնակիչների կողքին են այս և նույնիսկ ավելի հին քարոզչական գովազդները: