Դոլարն առավոտից իջնել է, որ իջնում է: Կեսօրին արդեն փոխանակման կետերում մեկ դոլարը վաճառում են 497.5 դրամով:
Ավելի կիջնի, թե ոչ՝ տնտեսագետը դժվարանում է կանխատեսել, դոլար դրամ փոխարժեքի ներկա կուրսը պայմանավորում մակրոտնտեսական ցուցանիշներով: Տարվա առաջին հինգ ամսում արտահանման ծավալի 20 տոկոս աճ ունենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Բագրատ Ասատրյան, տնտեսագետ - Այն պարագայում, երբ ներմուծման ծավալները կազմել են ընդամենը 6-7 տոկոս: Այսինքն՝ այս մասով բացասական ճեղքվածքը կրճատվում է:
Սա նշանակում է, որ մեր երկրից տարեսկզբից դոլարն ավելի քիչ է դուրս եկել, քան մտել: Փաստ է, մասնավոր տրանսֆերտների ավելացող ներհհոսքը ևս իր գործն արել է, որ այսօր դոլարի արժեքը 500-ից ցածր է:
Բագրատ Ասատրյան - Նախորդ տարվա նույն ժամանակատվածի համեմատ 30 տոկոսով աճ ունենք: Կարևոր գործոններից մեկն էլ այն է, որ պատմականորեն մեր միջազգային պահուստների մակարդակը ամենաբարձրն է, մայիսն ամփոփեցինք 3 մլրդից ավելի շատ:
Ապրիլին, օրինակ, մեկ դոլարը վաճառվում էր այս տարվա ամենաբարձր՝ 540 դրամով, մայիսին՝ 515-520 դրամ, վերջին շաբաթում դոլարի արժեքի անկումը շարունակվեց՝ այս անգամ 4 տոկոսով: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը դրամի արժևորումը պայմանավորում է նաև հետընտրական գործընթացով:
Եղիշե Սողոմոնյան, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր - Այն անկայունությունները, որոնք դրսևորում էին ունեցել հունվարից, մի շարք բացասական սպասումներ էին ձևավորել մեր հասարակության մոտ, այդ թվում՝ բիզնեսի: Պրոցեսներն իրենց տրամաբանական ավարտն ունեցան և, հասարակությունն արդեն գիտի, թե ուր է գնում: Դրական սպասումներ կան ապագայի նկատմամբ:
Դոլարի կուրսով պայմանավորված՝ հասարակությանը հետաքրքրող հարցը, թե կէժանանա՞ն ձեթն ու կարագը, ներկրվող թանկացած մթերքները: Տնտեսագետներն ասում են՝ շուկայի կանոնն է, դա 1-2 օրվա հարց չէ: