Ենթակառուցվածքներ և նոր սարքավորումներ, թեմատիկ հետազոտություններ, առաջատար գիտաշխատողների խրախուսում: Կառավարության հատկացրած 2,7 մլրդ դրամով Գիտության պետական կոմիտեն նոր նշաձողով և դրամաշնորհային մրցույթներով ավելացրել է գիտական կառույցների, խմբերի և գիտնականների ֆինանսական հնարավորությունները:
Գիտության ասպարեզ նոր մուտք գործող ասպիրանտների և սկսնակ հայցորդների համար մինչև հիմա ֆինանսավորումը մեկ տարով էր: Կոմիտեն փոխել է մրցութային ծրագրի տրամաբանությունը՝ ֆինանսավորումը դարձնելով երեք տարի: Այսինքն՝ ասպիրանտը մինչև գիտական աստիճան ստանալը կստանա ֆինանսական աջակցություն:
Արթուր Մովսիսյան (ՀՀ գիտության կոմիտեի նախագահի տեղակալ) - Յուրաքանչյուր տարի մենք իրենցից արդյունք ենք ուզում, առաջին տարում իրանից ուզում ենք անգլերենի լավ իմացություն, երկրորդ տարվանից ուզում ենք գիտական հոդված միջազգային գիտատեխնիկական շտեմարանում:
Կրթաթոշակը 25000-ից դարձել է 60000 դրամ: Ասպիրանտից բացի, գիտական ղեկավարներին ևս տրվում է լրացուցիչ ֆինանսավորում: Արթուր Մովսիսյանի պնդմամբ՝ ֆինանսական աջակցությունը պետք է անընդհատ լինի, որ գիտնականը բացառապես զբաղվի միայն գիտությամբ, չմտածելով երկրորդ աշխատանքի մասին:
Արթուր Մովսիսյան - Գիտնականի ուղին պետք է անընդհատ ապահովված լինի դրամաշնորհներով, եթե գիտնականը հավակնոտ է, պատրաստ է մրցունակ գիտության, պետք է ապահովված լինի, չպիտի ինտերվալ լինի, որովհետև կլքի մեզ այլ ոլորտներ:
Ասպիրանտների, մեկնարկի աջակցության, առաջատար հետազոտությունների դրամաշնորհային մրցույթները, ըստ Մովսիսյանի, համակարգաստեղծ են, քանի որ գիտնականի մուտքը գիտություն մինչև խոր ծերություն կարող են ապահովել կայուն ֆինանսական եկամուտներ: Կարևոր օղակ է նաև միջպետական համագործակցությունները, արդեն ամփոփել են հայ-բելառուսական, հայ-ռուսական ծրագրերը:
Արթուր Մովսիսյան - Հայ-իտալական գործող ծրագիր ունենք, հայտարարել ենք նոր հայ-գերմանական ծրագիր, որը փոփոխության ենք ենթարկել, ֆինանսավորման ծավալն ենք ավելացրել և թեմատիկ ուղղվածությունը փոխել:
Նոր դրամաշնորհային ծրագրերի շարքում առանձնակի է երկակի հետազոտությունների աջակցման դրամաշնորհը: Այստեղ կարևոր բաղադրիչ է ռազմական ուղղությունը: Պատերազմի օրերին գիտական խմբերը համոզիչ գաղափարներ են առաջ քաշել, իրագործել: Գիտության կոմիտեն տրամադրում է հետազոտությունների դրամաշնորհը: Գիտական խմբի հետազոտական գաղափարը կոմիտեն ֆինանսավորում է երկու տարի: Ռազմարդյունաբերության կոմիտեն ընտրում է գաղափարն ըստ առաջնահերթության:
Արթուր Մովսիսյան - Էդ հետազոտությունները հաջողությամբ ավարտվելու պարագայում Ռազմարդյունաբերության կոմիտեով կշարունակվեն թեմաները ֆինանսավորվել, որը արդեն կոնկրետ պրոդուկտ է դառնալու բանակի համար:
Գիտության ֆինանսավորման ավելացմանը զուգահեռ կոմիտեն ավելացրել է դրամաշնորհների քանակը: Կիրառական արդյունքին միտված դրամաշնորհային ծրագրով ևս ավելացրել են գումարները՝ համաֆինանսավորման սկզբունքով: Բացի Գիտության կոմիտեից, պարտադիր պայման է ֆինանսավորումը այլ կազմակերպության կողմից՝ ոչ պետական միջոցներից: Գիտական խմբերը մշակում են գաղափարներ, իսկ վերջնարդյունքը պետք է նպաստի տնտեսության առաջընթացին:
Արթուր Մովսիսյան - Հետազոտությունը հաջող կատարելուց հետո Գիտության կոմիտեն ֆինանսավորում է ևս մեկ տարի, որպեսզի հաջողված նախագիծը տեխնոլոգիաների փոխանցման կենտրոնով անցնի, դառնա շուկային մոտ կանգնած պրոդուկտ
Կիրառական վերջնարդյունքի համար համագործակցում են նաև էկոնոմիկայի նախարարության հետ: Պետք է անել հնարավորը՝ գաղափարից շուկա տրամաբանական շղթան ապահովելու համար: Կոմիտեի կարևոր դրամաշնորհային մրցույթը թեմատիկ հետազոտություններն են: Նախորդ տարի, օրինակ՝ ստացվում էր 400 գիտական խմբերի հայտ, դրանցից 200-ին տրվում էր դրամաշնորհ: Նոր ավելացված ֆինանսավորման շնորհիվ դրամաշնորհները կավելանան ևս 50-ով: Մինչև սեպտեմբեր կամփոփեն արդյունքները, և Գիտության կոմիտեն կֆինանսավորի բոլոր մրցունակ հայտերը: