Բժշկական հանրության 539 ներկայացուցիչ իր աջակցությունն է հայտնել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին: Այսօր նրանց մի մասը սպիտակ խալաթներով ակցիա է իրականացրել, նամակ փոխանցել վարչապետի աշխատակազմին, նախագահին, գլխավոր դատախազին: Նամակում բժիշկները խնդրել են վերանայել Չարչյանի խափանման միջոցը՝ նկատի ունենալով նրա մասնագիտական վաստակը և առողջական վիճակը:
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը կալանավորվել էր մեկ ամսով: Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել մամուլում տարածված ձայնագրությունից հետո, որտեղ Չարչյանը իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին պարտադրում է անպայման մասնակցել ընտրություններին։
Սամվել Սահակյան (բժիշկ) - Հորդորում, պահանջում ենք՝ վերացրե՛ք կալանքը, թող պրոֆեսորի հոգին հանդարտվի, հետևաբար նրա մարմինը ևս կբուժվի: Թող պրոֆեսորին ընտրած հիվանդ նրա մատներով ու նշտարով ամոքվի, թող մեր հոգին էլ հանդարտվի, մենք էլ հոգով բուժենք, որովհետև վաղը, հաջորդ օրերին, ենթադրում ենք, որ կարող է չկարողանանք հավատարիմ մնալ Հիպոկրատի պատգամներին՝ բուժել հոգով և սրտով: Կարևոր է մարդը, հավիտենական են նրա բարի գործերը: Հիշեք՝ պրոֆեսոր Չարչյանը հասարակ մահկանացու չէ, նա մեր եղբայրն է, ընկերը, գործընկերը, ուսուցիչը: Երաշխավորում ենք: