Արցախում շարունակվում է հացահատիկի բերքահավաքը: Առայժմ հունձ են կատարել 4394 հեկտարի վրա, ստացել 2703 տ համախառն բերք: Բերքատվության միջին ցուցանիշը փոքր է՝ 620 կգ մեկ հեկտարից:
Վիլեն Ավետիսյան (Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի տեղակալ) - Ցածր ցուցանիշների հիմնական պատճառներից է ուշացված ցանքսը, այսինքն՝ օպտիմալ ժամկետներն ավարտված էին, երբ ցանքը կատարվել է, բացի դրանից, տարեցտարի նկատվող տեղումների նվազումն է, ինչպես նաև տեղումների ոչ նպաստավոր բաշխվածությունը ժամանակի մեջ:
Հողագործները ցանքսն ուշ են կատարել պատերազմի պատճառով: Քիչ քանակությամբ բերք նաև Արցախի սերմնաբուծական կայանն է ստացել: Աշնան ցանքսի համար շատ սերմացու չեն խոստանում:
Կարեն Ադամյան (Արցախի սերմնաբուծական կայանի տնօրեն) - Սերմերի ելքը բերքից շատ քիչ է լինելու: Պահանջ լինելու է սերմերի, և երևի միակ ելքն այն է, որ սերմը պետք է ներկրել: Լավ կլինի ներկրել ՌԴ-ից այն սորտերը, որոնք գրանցված են մեր գրանցամատյանում:
Ցորենի և գարու շուկայական գինն Արցախում աճել է: Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը կանխիկի դեպքում գարին մթերում է 120, ցորենը՝ 130 դրամով, սա մոտ 10 դրամով ավելի է նախորդ տարիներից:
Հրանտ Սաֆարյան (Արցախի ԳԳԱՀ տնօրեն) - Ալրաղացների հետ պայմանավորվածություն կա, ցորենն իրենք կմթերեն այնքան, ինչքան հնարավորություն ունեն: Եթե ընթացքում խնդիր լինի ալրաղացներին ցորեն տրամադրելու, որպեսզի պարենային անվտանգությունն ապահովվի, դա կտրամադրվի: Գարին հիմնականում տոհմային կենդանիների համար ենք պահում:
Այս տարվա բերքի համար Արցախում ցանվել էր մոտ 11000 հա ցորեն, 9800 հա գարի և 1500 հա հաճար: