Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավն առավել ինտենսիվ լուսաբանել է Հանրային հեռուստաընկերությունը, վկայում են Երևանի մամուլի ակումբի մշտադիտարկման արդյունքները: Կառույցն այդ ժամանակահատվածում ուսումնասիրել է վեց հեռուստաընկերության և մեկ ռադիոալիքի գործունեություն: Ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշում է՝ այս վարկանիշում Հանրայինն առաջին հորիզոնականում է հայտնվել արդեն երկրորդ անգամ:
Բորիս Նավասարդյան (Երևանի մամուլի ակումբի նախագահ) - Նախընտրական քարոզարշավին առավել հաճախ անդրադարձած երկրորդ լրատվամիջոցը «Երկիր մեդիան» է, երրորդը՝ «Շանթը»: Զգալիորեն նահանջել է «Կենտրոն» հեռուստաընկերությունը, որն այս տարի համեմատաբար պասիվ է լուսաբանել քարոզարշավը:
Բորիս Նավասարդյան - Քարոզարշավի ընթացքում ամենաշատը լուսաբանվել են Ազգային ժողով անցած երեք քաղաքական ուժերը: Ըստ Նավասարդյանի ներկայացրած արդյունքների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ի տարբերություն ԱԺ անցած մնացած երկու ուժի, ավելի հաճախ է բացասական լույսի ներքո ներկայացվել ԶԼՄ-ներում:
Բորիս Նավասարդյանը հավելել է՝ ընտրություններին նախորդող լռության օրը մի շարք ԶԼՄ-ներ խախտել են օրենքով նախատեսված դրույթները և քարոզչություն իրականացրել: