Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը վրացական Factcheck.ge փաստերի ստուգման կայքի հետ համատեղ սկսել է մեդիահարթակներում ապատեղեկատվությանը հակազդելու մի գործընթաց, որի շրջանակում դիտարկվել են սոցիալական ցանցերում շրջանառվող մի շարք հրապարակումներ։
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից մի շարք հրապարակումների վերաբերյալ փաստերի ստուգում է իրականացվում, ապա այն փոխանցվում Factcheck.ge-ին, որն իր հերթին դիմում է Ֆեյսբուքին՝ նշված հրապարակումը կեղծ, մասամբ կեղծ, խմբագրված, առանց համատեքստի կամ երգիծանք որակելու նպատակով և Ֆեյսբուքն օգտագործում է այդ հնարավորությունը և սոցցանցում համապատասխան պիտակ ավելացնում։ Եթե Ֆեյսբուքը սոցցանցի էջի հրապարակումը համարում է կեղծ, հրապարակման հեղինակը կամ լրատվամիջոցի էջը սկսում է սոցցանցում տեսանելիության ու հասանելիության խնդիր ունենալ։ Ֆեյսբուքն իր հերթին էջին զգուշացնում է տվյալ հրապարակումը պիտակավորելու իր վճռի մասին՝ թույլ տալով ամեն դեպքում խմբագրել այն։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն այս գործընթացում աշխատում է վրացական կայքի հետ, քանի որ Factcheck.ge-ն Փաստերի ստուգման միջազգային ցանցի անդամ է (հայկական ոչ մի լրատվամիջոց դեռ այս ցանցի անդամ չէ), որն իր հերթին աշխատում է Ֆեյսբուքի հետ։
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի փաստերի ստուգմամբ զբաղվող լրագրող Արշալույս Բարսեղյանը, որը վրացական կողմի հետ նախընտրական շրջանում փաստերի ստուգմամբ է զբաղվել, բացատրում է՝ տարածված այնպիսի լուրը, որ ստուգելի է, ստուգվում է։ Փաստերի ստուգմանը վերաբերող հոդվածը հրապարակվում է Media.am-ում և Factcheck.ge-ում ու Ֆեյսբուքը այն պիտակավորում է։ Եթե նույն էջը երկրորդ անգամ է տարածում կեղծ լուր, Ֆեյսբուքը սկսում է որոշակի սանկցիաներ կիրառել, ու դրանք տարբեր կարող են լինել։ Էջի դիտելիությունն ու հասանելիությունն իջնում է, որևէ հրապարակում գովազդելու հնարավորությունից զրկվում է և այլն. «Մենք իշխանամետ կամ ընդդիմադիր մեդիաների բաժանում չենք դրել։ Հաճախ լինում է, երբ լուրը տարածվում է, ուրիշները նյութը արտատպում են, այս գործիքները նման դեպքերի համար ևս կիրառելի են»,- ասում է Բարսեղյանը ու շեշտում՝ Ֆեյսբուքը թույլ չի տալիս ստուգել քաղաքական գործիչների արտահայտած մտքերը, քանի որ դա կդիտվի որպես ազատ խոսքի սահմանափակում։
Տարբեր լրատվամիջոցների կողմից արդեն իսկ բարձրաձայնվում է, որ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ու վրացական կողմի նախաձեռնած փաստերի ստուգումը նպատակ ունի խնդիրներ ստեղծել լրատվամիջոցների համար և ազատ խոսքի սահմանափակում է։ Արշալույս Բարսեղյանը հակադարձում է՝ իրենց աշխատանքի մեջ որևէ դավադրություն չկա. «Իրենք որոշակի միտում են տեսնում, բայց մենք տարբեր ուղղվածությամբ նյութեր արել ենք՝ և իշխանության մասին, և ընդդիմության մասին։ Մեր թիրախը ապատեղեկատվությունն է»,- վստահեցնում է նա՝ օրինակ բերելով վերջին ապատեղեկատվությունը, որ վերաբերում էր ընտրությունների օրը Նիկոլ Փաշինյանի հաղթանակի կապակցությամբ իբր Շուշիում կայացած հրավառության հրապարակմանը, որ տարածել էր երաժիշտ Միքայել Ոսկանյանը՝ կցելով Շուշիի հրավառության մի լուսանկար։ Լուրը տարածել էին նաև հեռուսահաղորդավար Նազենի Հովհաննիսյանը, լրագրող Նաիրի Հոխիկյանը, նաև մի շարք կայքեր։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը պարզել էր, որ լուսանկարը ընտրությունների հետ կապ չունի ու այն արվել էր մայիսի 12-ին ու հրապարակվել Մեհրիբան Ալիևայի ինստագրամյան էջով։ Ֆեյսբուքը Ոսկանյանի այս հրապարակումը որակել է կեղծ տեղեկատվություն. «Մենք դատավորներ չենք, ինչպես մեզ պիտակավորում են։ Փաստեր ստուգելը լրագրության ժանր է, փաստեր ստուգողները մեծ հետաքննություններ են անում, դա հատուկ գործ է։ Մենք էլ կարող ենք սխալվել, ու եթե ցանկացողներ կան, կարող են մեր հրապարակումների փաստերը ստուգել։ Մենք կարծիքը չենք ստուգում, այլ ստուգելի փաստերը»,- ասում է լրագրողը։
Նա երաշխավորում է՝ նախընտրական շրջանում իրենց կատարած աշխատանքի նպատակը չի եղել ընտրություններին մասնակցող ուժերից որևէ մեկի մեդիառեսուրսի թիրախավորումը, իսկ Ֆեյսբուքը հնարավորություն է տալիս կեղծ լուրի հրապարակումից ու դրա կեղծ լինելը ապացուցելուց հետո խմբագրել այն։ Բարսեղյանը բերում է օրինակ, երբ վրացական մի ֆեյսբուքյան էջ կեղծ տվյալ էր հրապարակել, որի պարզվելուց հետո համապատասխան գործիքներով էջի հասանելիությունը մոտ 10 անգամ նվազել է։