Այս օրերին Մհեր Նիկողոսյանի այգում ծիրանի բերքահավաքի եռուզեռ պետք է լիներ: Հիմա այգեգործը այգի է գալիս միայն ծառերը ջրելու: Լավ է` գոնե գարնանային ցրտահարությունից ու կարկտահարությունից ծառերն առանց տերևի չեն մնացել:
Մհեր Նիկողոսյան (այգեգործ) - Երեք հեկտարից ավել ա երևի, մի 200 կիլո բերք չենք հավաքել:
Հավաքածն էլ ապրանքային տեսք չի ունեցել: Այգեգործն ակնկալում էր հեկտարից ամենաքիչը 7 տոննա բերք ստանալ: Այգու բուժում, ոռոգում՝ ըստ պահանջվածի ամեն ինչ արել էր: Հեկտարի հաշվով 1 մլն դրամից ավելի ծախս էր արել: Լավ էր՝ այգին ապահովագրել էր, ասում է Մհերը:
Մհեր Նիկողոսյան - Սպասել ենք, բերքահավաքի ժամանակ եկել են, հաշվել են հատ-հատ, ճյուղ-ճյուղ, ճյուղի վրա քանի հատ բերք կա, եթե կա, ու ըստ դրա հատուցել են:
Հայաստանում ամենառիսկայինը ծիրանենին է համարվում: Ապահովագրական ընկերություններն արդեն սկսել են վաղ գարնան ցրտահարության ու կարկտահարության վնասների հատուցումը: Հեկտարի հաշվով այգեգործին փոխանցել են 1 մլն 250 հազար դրամ: 2021-ին ապահովագրական ընկերությունները փորձնական ծրագրով կարողացան նախորդ տարիների համեմատ եռապատկել կնքված պայմանագրերի թիվը:
Արման Խոջոյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - 2020 թ., երբ առաջին անգամ մեկնարկեց գյուղապահովագրության ծրագիրը, ունեինք 1560 շահառու, սակայն հուրախություն մեզ` այդ թիվը կարծես եռապատկվեց և հասավ 4300 շահառուի:
Ընդհանուր ապահովագրվել է 5600 հա: Առավել ակտիվ են Լոռու, Շիրակի, Արմավիրի մարզերի ֆերմերային տնտեսությունները: Ապահովագրել են հացահատիկի դաշտերը:
Արման Խոջոյան - Հացահատիկի մինիմում ապահովագրավճարը 2400 դրամ է, դա ամենաքիչ ռիսկային համայնքների համար է հաշվարկված, այսինքն` 2400 դրամի 50 տոկոսն էլ փոխհատուցում է կառավարությունը:
400 մլն դրամի ապահովագրական պայմանագրեր են կնքվել, որից 224 միլիոնը սուբսիդավորել է Կառավարությունը: 2020-ին, երբ մեկնարկեց փորձնական ծրագիրը, ապահովագրվում էր ընդամենը երկու մշակաբույս, հիմա դրանց թիվը հասել է 11-ի՝ ասում է նախարարի տեղակալն ու հավելում՝ մինչև տարեվերջ կավելացնեն մշակաբույսերի քանակը, ինչպես նաև ցրտահարություն, կարկուտ, հրդեհ՝ ռիսկերի ցանկը կավելանա: