Տարածության քոչարյան չափումներն ու գծապատկերները Երվանդ Քոչարի թանգարանի նոր ցուցադրական հայեցակարգում վերածվել են լուսային ինստալյացիայի օգտագործմամբ բացառիկ մի նախագծի, որը գոնե մեր իրականության մեջ առաջին անգամ է իրականացվում: Քոչարի փարիզյան շրջանի գրաֆիկական ստեղծագործությունները, որոնք ստեղծված են առանձնահատուկ մեթոդով՝ սեղմման տեխնիկայով, երբ Քոչարի ձեռքի ազատ, սահուն, չընդհատվող շարժումներով՝ առանց նախնական ուրվագծերի, ստեղծում էր հերթական գլուխգործոցը, նոր տխնոլոգիաների կիրառմամբ նորովի են ներկայացնում Վարպետի բացառիկությունը:
«Քոչարական գծի մոգական փոխհատումները» խորագրով կոնցեպտուալ ցուցադրության համակարգողը և ինստալյացիաների հեղինակը Աշոտ Մարաբյանն է: Ցուցադրությունն ուղեկցող անիմացիաները ստեղծել է Նարեկ Նազարյանը, և ամբողջ բեմադրություն-ցուցադրությունն ամբողջանում է տեսաֆիլմերով և երաժշտությամբ:
Քոչարի բնօրինակների ամբողջության մեջ առանձին գործերի լուսային ինսատալյացիաները հենց բնօրինակի հարևանությամբ նոր շնչառություն են հաղորդում քոչարյան մատահղացումներին: Բնօրինակների ուռուցիկ գծերն ու պատկերները լուսային պատկերապատումներում անհամեմատ ավելի են ուժեղացնում տպավորությունը:
Թանգարանի երկու սրահները զարդարող նոր ցուցադրությունը ևս մեկ անգամ ընդգծում է Երվանդ Քոչարի բացառիկությունն ու արդիականությունը:
Քոչարի ծննդյան 122-ամյակին նվիրված բացառիկ ցուցահանդեսը կգործի մինչև հուլիսի 15-ը՝ թանգարանի այցելուներին հնարավորություն ընձեռելով նորովի բացահայտել նրա հզոր անհատականությունը: