Կնոջ որովայնը շարունակ մեծացել է, բայց նա համառորեն հրաժարվել է բժշկի դիմել: Արդյունքում գործը հասել է նրան, որ բժիշկները մի քանի օր առաջ վիրահատել ու նրա որովայնից հեռացրել են 25 կիլոգրամանոց ուռուցք: Եվ սա առաջին նման դեպքը չէ՝ ասում է վիրահատությունը կատարած պրոֆեսոր Ջիլավյանը:
Գագիկ Ջիլավյան (Ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոգինեկոլոգիայի բաժնի վարիչ, պրոֆեսոր) - Ցավոք սրտի՝ հաճախ են հանդիպում, սա եզակի դեպք չէ: Լինում են և ավելի մեծ, ծանր ուռուցքներ, և մեր նպատակը՝ հասցնել մեր կանանց, որպեսզի հետևեն իրենց առողջությանը: Որովայնի չափերի ցանկացած մեծացումը պետք է լինի ահազանգ: Պետք չէ թողնել՝ հույս ունենալով, որ դա կարող է լինել գիրության նշան, պետք է դիմել մասնագիտական կենտրոններ:
Ավելորդ 25 կիլոգրամ քաշից ազատված կինը իրեն լավ է զգում, շուտով տուն կուղարկեն: Առայժմ հայտնի չէ՝ ուռուցքը բարորա՞կ էր, թե՞ չարորակ: Շուտով կպարզվի:
Գագիկ Ջիլավյան - Զարմանալի է, բայց այս կինը ընդհանրապես գանգատներ չի ունեցել: Երբ որ մենք վիրահատեցինք և հարցրինք՝ ինչպես է իրեն զգում, ասաց, որ մինչև վիրահատությունն էլ ցավեր չի ունեցել: Այնպես որ, լինում են այդպիսի կանայք, որ իրենց առողջության հանդեպ անտարբեր են. դա անթույլատրելի է:
Պրոֆեսորն ասում է՝ սա ուռուցքաբանության կենտրոնի ամենածանր վիրահատություններից չէ, շատ ավելի ծանրերն են լինում: Պարզապես այս մեկն ուշադրության արժանի է նրանով, որ ահազանգ լինի բոլոր այն կանանց, ովքեր անտեսում են նույնիսկ այսպիսի չափերի հասնող գոյացությունները: