Միջազգային անվտանգության 9-րդ մոսկովյան համաժողովին Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը խոսել է նաև աշխարհում առկա հակամարտությունների մասին, ընդգծել, որ Ռուսաստանը՝ որպես գերտերություն, մեծ ներդրում ունի միջազգային անվտանգության ամրապնդման հարցում:
Սերգեյ Լավրով, ՌԴ ԱԳ նախարար - Անցած տարվա վերջին Ռուսաստանը, առանց չափազանցության, առանցքային դեր ունեցավ ԼՂ հակամարտության գոտում արյունահեղության դադարեցման գործում և ջանքեր գործադրեց ամբողջ Անդրկովկասում խաղաղ կյանքի վերականգնման համար: Շարունակում ենք աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների հետ, որպեսզի ամրապնդվի վստահությունը, իրականացվեն հումանիտար նախագծերը:
Աֆղանստանում, Լիբիայում, Իրանի միջուկային ծրագրի շուրջ և մնացած թեժ կետերում իրավիճակի կարգավորման ջանքերում Լավրովը Մոսկվայի դերը կառուցողական է համարում: Միաժամանակ ծայրահեղ տագնապալից է որակում ռազմավարական կայունության ոլորտում կատարվողը, առանձնանցում միջին և փոքր հեռահարության հրթիռների պայմանագրից Վաշինգտոնի դուրս գալը՝ հիշեցնելով. Ռուսաստանը բաց է մնում գործակցության համար:
Սերգեյ Լավրով - Իհարկե, միշտ պատրաստ ենք երկխոսության մեր արևմտյան գործընկերների հետ, բայց միայն իրավահավասարության, փոխադարձ հարգանքի, շահերի արդար հավասարակշռման փնտրտուքի հիման վրա, ոչ թե վերջնագրերի պայմանով, որոնք մենք լսում ենք և որոնք պահանջում են Ռուսաստանից՝ առանց իրենց վարքը փոխելու:
Անկախ նշված խնդիրներից՝ Մոսկվայի գործողություններն ուղղված կլինեն Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգության ապահովմանը՝ ելույթն ամփոփում է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը: