Հայաստանում անցկացվել են աննախադեպ արդար ընտրություններ: Այս մասին Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:
«Ընտրությունների՝ այս ձևով անցկացնելը մեր ամենամեծ ձեռքբերումն է: Մենք ցեմենտեցինք, բետոնեցինք մեր ժողովրդավարության ճանապարհը»,- նշեց Քերոբյանը:
Քերոբյանը խոսեց նաև իրենց անելիքների, այդ թվում՝ ներդրումային միջավայրը բարելավելու մասին:
«Մինչև ընտրությունները միտում կար, որ մարդիկ, հիասթափված 44-օրյա պատերազմի արդյունքներով, անհանգստացած անվտանգային միջավայրով, արտագաղթում էին: Մեր խնդիրն է, որ փարատենք անհանգստությունները, անվտանգային, ներդրումային միջավայրը վերականգնենք, հասարակության մեջ համերաշխության ու ստեղծագործելու մթնոլորտը վերականգնենք, որ մարդիկ վերադառնան, արարեն ու ստեղծագործեն մեր երկրում»,- նշեց Քերոբյանը: