Բացի «Ջոնսոն» ընկերության պատվաստանյութից, COVID-19-ի դեմ մյուս բոլոր պատվաստանյութերն իրականացվում են երկու դեղաչափով: Արդեն այսօր կանցնենք պատվաստման 70 հազար ցուցանիշը, և մենք տեսնում ենք ընտրություններից հետո անգամ՝ այս երկու օրը, տեմպի բավական ակտիվացում՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ նախընտրական իրավիճակով պայմանավորված, մարդկանց առաջնահերթությունները փոխվել են:
«Բայց հույս ունեմ, որ առաջիկայում կարձանագրենք պատվաստումների ցուցանիշի աճ»,- նշեց Ավանեսյանը՝ հավելելով, որ այժմ COVID-ով պայմանավորված բավական լավ իրավիճակ է:
Մյուս կողմից, սակայն, խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ամբողջ ընթացքը հաշվի առնելով՝ առաջիկայում նկատվելու է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճ:
«Մենք համաճարակային վերլուծությունն ենք անում, դիտարկում ենք վերջին 7 օրվա և նախորդ 14 օրերի տվյալները: Ամեն ինչ պետք է անել, որ այդ աճը չլինի: Իհարկե, նման տեղաշարժերի ակտիվացումը, կապված ընտրությունների հետ, իր դերը խաղալու է: Ընտրությունների օրը ընտրական բոլոր տեղամասերում համաճարակային կանոները պահպանված էր, և ոստիկաներրը ու հանձնաժողովի նախագահները խիստ հետևում էին դրանց»,- ասաց Ավանեսյանը:
Նախարարի պաշտոնակատարը համոզված է՝ այս իրավիճակը պահպանելու և համավարակին վերջակետ դնելու հարցում մեզ կօգնի միայն պատվաստանյութը:
Ավանեսյանի խոսքով՝ ՀՀ առողջապահության նախարարությունը զինծառայողների մասունքների պահպանման հարցով միասնական մոտեցում կառաջարկի: Նա նշեց, որ ծրագրվում է ՀՀ պաշտպանության նախարարության ու Կառավարության հետ միասնական դիրքորոշում ներկայացնել երկու շաբաթ անց: