Կեսարիայի 200-ամյա Սուրբ Թորոս հայկական եկեղեցին շարունակում են ավերել գանձագողերը՝ հայտնում է Ermenihaber-ը:
Կեսարիայի Մելիքգազի շրջանի Թավլուսուն թաղամասում գտնվող եկեղեցու պատերը դիտավորյալ աղտոտվել և վնասվել են ներկերով, իսկ պատմական կառույցի ներքին պատերից մեկում գանձ որոնողները 2 մ խորությամբ փոս են արել:
Թավլուսունի թաղապետ Մեհմեդ Յըլմազը թուրքական լրատվամիջոցի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ հայկական եկեղեցու ներսում և շրջակայքում տեղի բնակիչները չոր խոտ են թափել:
Յըլմազի խոսքով՝ տեղի զբոսաշրջության զարգացմանը զարկ տալու նպատակով անհրաժեշտ է վերականգնել եկեղեցին:
Թաղապետը նաև հայտնել է, որ թեև քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցները հաճախակիորեն հսկում են եկեղեցին, սակայն նրանց չի հաջողվում վերահսկել գանձագողերի գործունեությունը, քանի որ վերջիններս ամեն կերպ միջոցներ են գտնում կառույցին վնաս հասցնելու համար:
Նա հույս է հայտնել, որ եթե սկսվեն եկեղեցու վերականգնման աշխատանքները, հնարավոր կլինի խոչընդոտել գանձագողերի գործունեությունը:
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նահանգային վարչության իրավասուները տեղեկացրել են, որ չեն կարող եկեղեցին վերանորոգել, քանի որ այն մասնավոր սեփականության կարգավիճակ ունի։