Արևից էներգիան կորզող պանելներ են առաջիկայում տեղադրվելու․․․ Թալին-Դաշտադեմ հատվածում։ Արագածոտնի այս անկյունում է լինելու 200 ՄՎտ հզորությամբ, դեռ 2019 թվականից պլանավորվող, ԱՅԳ-1 անունով ֆոտովոլտային նոր կայանը՝ կառավարության անդամներին տեղակացրել է փոխվարչապետ Ավինյանը։
Տիգրան Ավինյան (ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար) - Ունենք արդեն հաղթող ընկերություն, որն առաջարկել է մեկ ԿՎտ-ի համար 2,9 սենթ արժեք, որը բավական ցածր գին է․․.
Ներդրողը Աբու Դաբիի «Մասդար» ընկերությունն է, որն աշխատանքների համար ծախսելու է մոտ 174 մլն դոլար։ Կառուցվող էներգետիկ նոր հանգույցը ցանցերին կսկսի հոսանք մատակարարել 2025 թվականից։ Ժամկետը ճշգրտվել է՝ հաշվի առնելով Հայաստանի արևային առաջին խոշոր կայանի՝ Մասրիկի փորձը։
Նիկոլ Փաշինյան - «Մասդար» ընկերությունը ոլորտի ամենազդեցիկ ընկերություններից է, համաշխարհային ընկերության ներկայությունը Հայաստանի շուկայում կարևոր ու պոզիտիվ ազդակ է միջազգային ներդրողների համար:
Գործադիրը հերթական նիստում ժամկետներ է ճշտել նաև՝ թուրքական ապրանքների ներմուծման արգելքի հետ կապված։ Որպեսզի հունվարից ուժի մեջ մտած էմբարգոն հուլիսի 1-ին չավարտվի Թուրքիայից Հայաստան բերվող բեռների սահմանափակումը, պաշտոնական Երևանը երկարաձգեց ևս 6 ամսով։ Սանկցիայի արդյունքում հայ սպառողը չի հարստացնում թուրքական բյուջեն։ Մյուս կողմից՝ ներմուծման կրճատման հաշվին մեր ձեռնարկատերերը փորձում են տեղական արտադրությունը զարգացնել: Արգելքի՝ շուկայի վրա թողած ազդեցությունն է գնահատել էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը։
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար) - Կարող ենք արձանագրել, որ Թուրքիայից ներմուծման ծավալները նվազել են 70 տոկոսով, և կտրուկ փոխվել է ներմուծվող ապրանքների կազմը՝ եթե առաջ եղել է ավիավառելիք, բանջարեղեն, տրիկոտաժն է, ապա այժմ շինանյութ է, բնական կաշի:
Հայաստանյան տնտեսությունում, ի դեպ, նախորդ ամիս վճարվել է ընդհանուր առմամբ 134 մլրդ 700 մլն դրամի կարգի աշխատավարձ։ Գումարի այդ չափը գերազանցել է վերջին բոլոր երեք տարիների մայիսյան ցուցանիշը։ Վարձատրության ֆոնդը երկրում ավելացել է՝ աշխատատեղերի քանակի մեծացմանը զուգընթաց. գործադիրի նիստում հարկային վիճակագրությունն է ներկայացրել ՊԵԿ ղեկավարը։
Սեզոնային զբաղվածությունը հաշվի առնելով՝ քանի որ սեպտեմբերն է ամենաակտիվ ամիսը, որոշվեց՝ ռեկորդային տիտղոսի համար աշխատատեղերի քանակի ու վարձատրության չափի թվերը համեմատել նաև աշնան սկզբին։ Հարկայինի բազաներում արդեն երևացող, այսպես ասած մաքուր վարձատրվող, հարկերը չթաքցնող մարդկանց ո՞ր մասն է ստվերից, բիզնեսի մինչև հիմա չգրանցած զբաղվածները, ո՞րը՝ նոր ստեղծվող հաստիքները՝ վերլուծական կոնկրետ պատկեր չկա։
Նիկոլ Փաշինյան - Մեր քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ շինարարության ոլորտում աճ կա, ու դա զգացվում է այդ ոլորտում, ու զբոսաշրջության դանդաղ վերականգնում ունենք, ու հանրային սննդի ոլորտում, որտեղ աշխատատեղերի աճ ունենք:
Գյուղոլորտն ակտիվացնելու նպատակով էկոնոմիկայի նախարարն առաջարկում է մատչելի վարկերը հասանելի դարձնել նաև կարտոֆիլ, խաղող և այլ պտուղ-բանջարեղեն, նաև շինշիլայի մորթ մթերող-արտահանողների համար։ Քանի որ դեռ պարզ չէ ֆինանսական աջակցության պատճառով բյուջեի վրա ի՞նչ բեռ կարող է ծանրանալ, հարցը քննարկվեց՝ փակ ռեժիմով։