Պղնձի արտադրության և ծծմբային միացությունների վերամշակմանն ուղղված համալիր մոտեցումն առաջարկել է ԳԱԱ Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտը: Քննարկումը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքը:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ակադեմիկոս Լևոն Թավադյանը, պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, ԳԱԱ ինստիտուտների տնօրեններ և գիտաշխատողներ:
ԳԱԱ Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն Կարեն Գրիգորյանը ներկայացրել է «ՀՀ ԳԱԱ Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի կողմից ՀՀ-ում պղնձի արտադրության և ծծմբային միացությունների վերամշակմանն ուղղված առաջարկվող համալիր մոտեցումը» թեմայով գիտական զեկույց:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում պղնձի արտադրության կարևորության, ծծմբական թթվի, մաքուր պղնձի արտադրության շահավետության հարցերը, ինչպես նաև ծծմբական թթվից Հայաստանում սպառվող նյութերի արտադրության հնարավորությունը: Մասնակիցներն անդրադարձել են նոր տեխնոլոգիաների և տեխնիկայի ներդրման զարգացման հեռանկարներին: Հատուկ ընդգծվել է քիմիայի և մետալուրգիայի բնագավառներում ճարտարագետ-տեխնոլոգների պատրաստման անհրաժեշտությունը: