«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին ազատ արձակելու պահանջով այսօր Գլխավոր դատախազության մոտ բողոքի ակցիա են իրականացրել «Հայաստան» դաշինքի անդամներն ու համակիրները:
Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Արմեն Չարչյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։ Չարչյանը մեղադրվում է ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։
Ըստ նախաքննական մարմնի՝ հիվանդանոցի տնօրենը իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրությանը: «Հայաստան» դաշինքը կատարվածը գնահատում է քաղաքական հետապնդում:
Վահե Հակոբյան («Հայաստան» դաշինքի անդամ) - Ինձ համար անհասկանալի է՝ ինչո՞ւ Չարչյանը, ինչո՞ւ: Չարչյանը մտավորական, վաստակաշատ բժիշկ, էսօր իրենից կախված են շատ-շատ մարդկանց կյանքեր: Ինչու են էս քայլին գնում, ինձ համար անհասկանալի է: Պետական ապարատն ուզում է անել քաղաքական տեռոր, այսինքն՝ մարդկանց աչքերը վախեցնի, այդ թվում՝ այն մեր համակիրների, որոնք մեզ ձայն են տվել: