Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ այսօր հյուրընկալել է ամերիկաբնակ Լևոն Քիրաջյանին:
«Այսօր հյուրընկալել եմ ամերիկաբնակ մեր հայրենակից Լևոն Քիրաջյանին, որը, ունենալով համեստ վաստակ, իր պարտքն է համարել վերջին երեք տասնամյակների ընթացքում տարին երկու անգամ պարտադիր այցելել Հայրենիք։ Եվ հերթականը, ինչպես ինքն է ասում, չէր կարող հետաձգել…
Նա նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի այն եզակի նվիրատուներից է, որ 29 տարի շարունակ ամեն ամիս իր վաստակածի զգալի մասը՝ 420 ԱՄՆ դոլար, հատկացնում է Հայրենիքի զորացման գործին։
Լևոնի նվիրումը բոլոր ժամանակների հայի համար, կարծում եմ, բնութագրական է, քանի որ Հայրենիքին ծառայելիս ո՛չ տարածական հեռավորությունը և ո՛չ էլ ունեցած կարողության չափը չեն կարող սահմանափակող գործոններ լինել:
Որպես Արցախի իշխանությունների գնահատանքի դրսևորում՝ 2019 թ. Լևոն Քիրաջյանը պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով»,- հայտնել է Արցախի նախագահը: