Ի՞նչ նոր սարքերով-ծառայություններով է արդիականցվել Օպերայի ստորգետնյա ավտոկայանատեղին՝ տեսնելու է գնացել Երևանի քաղաքապետը։ Հայկ Մարությանին առաջինը ցույց են տվել մեքենաների հոսքին հետևող՝ Հայաստանում արտադրված վճարային տերմինալը։
Սարգիս Աբրահամյան (սպասարկող ընկերության աշխատակից) - Մյուսներից առանձնանում է նրանով, որ ընդունում է թղթադրամ ու մետաղադրամ և մանր է տալիս:
Տերմինալը գումար է ընդունում և՛ սովորական, և՛ Wi-Fi-ով աշխատող բանկային քարտերից։ Ազատության հրապարակի տակ մեքենան կայանողները վստահեցնում են՝ սարքից օգտվելը շատ հեշտ է։
Համակարգը մեքենան ճանաչում է ըստ պետհարամանիշի։ Ավտոմատ է հաշվում՝ ավտոն որքա՞ն ժամանակ է տարածքում կանգնած մնացել, ինչքա՞ն գումար պետք է վճարվի։ Քաղաքապետ Մարությանը տերմինալը փորձարկելու գայթակղությանը չդիմացավ։
Ստորգետնյա այս կայանատեղիի 3 հարկերում 6 նման տերմինալ կա։ Օգտվեք դրանցից, որ և՛ հերթում չսպասեք, և՛ վճարման վրա գումար խնայեք՝ վարորդներին հուշում է քաղաքապետը։
Հայկ Մարության (Երևանի քաղաքապետ) - Խնդրում եմ մեր քաղաքացիներին՝ օգտվել վճարման հենց այս ձևից, քանի որ մենք ունենք մյուսը, բայց սա ավելի էժան է:
Տերմինալով վճարելու դեպքում՝ մեկ ժամ կայանման սակագինը ցերեկը 200, գիշերը՝ 100 դրամ է։ Կարելի է նաև՝ միանգամից ամսվա համար կտրոն վերցնել։
Սարգիս Աբրահամյան - Մեկ ժամի արժեքը 200 դրամ է, ամսա աբոնեմենտը՝ 20 հազար դրամ՝ ամբողջ օրվա համար:
Անվճար է էլեկտրամոբիլների լիցքավորումը․ այդ սարքերն էլ են տեղադրված։ 500 մեքենայի համար գործող կայանատեղին, ի դեպ, մասնավոր չէ․ Երևանի սեփականությունն է։ Գանձվող ամբողջ գումարը համայնաքային բյուջե է գնում։