Արցախի 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված ադրբեջանցիների իրական թիվը պարբերաբար քննարկումների առարկա է դառնում նաև Ադրբեջանում: Այս անգամ էլ ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV-ն է սկանդալային տեսանյութ հրապարակել, որում մոլլա Սահիբ Շերիֆովը ցույց է տալիս Ադրբեջանի Բալա Բահմանլը գյուղում գտնվող՝ Արցախյան երկրորդ պատերազմի 35 ադրբեջանցի մասնակիցների անանուն գերեզմանները: Գերեզմանների վրա անուն ազգանվան փոխարեն միայն թվեր են գրված:
Սահիբ Շերիֆով (մոլլա) - Մեզ տեղեկացրել են, որ պետք է շտապ գերեզման փորենք, եկանք: Եկանք, փորեցինք, բայց ինքնությունը պարզ չէ: Չգիտենք ինչ համարներ են, գուցե ԴՆԹ-ի թվերն են, դա էլ չգիտենք, նույն թվերն էլ դագաղի վրա է գրված:
Սահիբ Շերիֆովը հայտնել է, որ անանուն գերեզմաններով որևէ մեկը չի հետաքրքրվել, թեև 2 ամսից ավել է, ինչ փորվել են: Ուշագրավ է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս թեմայով դեռևս որևէ մեկնաբանություն չի արել:
Ադրբեջանի հրապարակած վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանի Զինված ուժերն ունեցել են 2904 կորուստ, ովքեր հուղարկավորվել են մինչև հունիսի 14-ը, ինչպես նաև 10 անհետ կորած զինծառայող:
Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում ակտիվ քննարկումներ են ծավալվել՝ արդյոք Բահմանլը գյուղում հայտնաբերված անանուն գերեզմանները անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների՞նն են, թե՞ գաղտնի պահվող զոհերինը: Երկրորդ տարբերակը առավել իրատեսական է՝ հաշվի առնելով, որ վերջին երկու ամսվա ընթացում անհետ կորածների պաշտոնական թվաքանակն էական փոփոխություններ չի կրել, իսկ անանուն գերեզմանների քանակը երեք անգամ գերազանցում է այդ թիվը:
Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմի կորուստների իրական պատկերը շարունակում է մնալ խիստ վիճահարույց: Թեև Ադրբեջանի կողմից հրապարակված զոհերի ցանկում, բացի զինված ուժերի զինծառայողների անուններից, կարելի է հանդիպել նաև այլ ուժային կառույցների՝ ներքին զորքերի, սահմանապահ զորքերի, Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ծառայողների անուններ, սակայն կան հիմնավոր կասկածներ, որ այդ կառույցների զոհերի թիվն ամբողջական չի ներկայացված:
Ավելին՝ Ադրբեջանի պաշտոնական հայտարարություններում որևէ հիշատակում չկա Թուրքիայի աջակցությամբ հավաքագրված և Արցախ տեղափոխված սիրիացի վարձկանների շրջանում հարյուրավոր կորուստների թվի մասին:
Հաշվի առնելով նախկին փորձը՝ միանշանակ է, որ Ադրբեջանը մշտապես փորձել է թաքցնել իր իրական կորուստները, և այդ պրակտիկան շարունակվում է նաև հիմա: Վերջին ամիսներին տարբեր հանգամանքներում ադրբեջանական զինված ուժերի կորուստների մասին այդ երկրի ռազմական գերատեսչությունը ոչ միշտ է շտապում հայտարարել:
Շատ հաճախ այդ մասին առաջինը հայտնում են սոցիալական ցանցերի օգտատերերը, ինչից հետո միայն տարածվում է պաշտոնական հաղորդագրություն:
Ադրբեջանի պատկան մարմինների գործելաոճը և զոհերի իրական թվի հետ կապված կասկածները հաշվի առնելով՝ չի կարելի բացառել, որ Բահմանլը գյուղի անանուն գերեզմանադաշտը Ադրբեջանում միակը չէ:
Հեղինակ՝ Անի Օհանյան