Սևանի ափի ամենամեծ ՏՏ հավաքն այս տարի չի կայանա: Սամիթի թիմից նախ հայտարարեցին՝ տարածքը շրջակա միջավայրի նախարարությունը չի տրամադրում: Նախարարությունն էլ, իր հերթին, պարզաբանեց՝ չեն արգելել, բայց Նորաշենի արգելավայրում բազմահազարանոց միջոցառումը կվնասի Կարմիր գրքում գրանցված թռչունների պահպանությանն ու Հայաստանում բնադրող հայկական որորին:
Ոսկեհատ Գրիգորյան (ՇՄ նախարարության ԲՀՊՏ և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ) - «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի կողմից շրջակա միջավայրի նախարարությանը հասցեագրվել է երեք գրություն։ Առաջին գրությանն ի պատասխան՝ նախարարությունն առաջարկել է «Սևան ստարտափ սամիթ 2021» միջոցառման կազմակերպման համար դիտարկել հանրային 8 լողափի տարածքը: Կազմակերպիչները ներկայացրել են մեկ այլ գրություն, որով խնդրել են վերանայել որոշումը:
Երրորդ նամակով նախարարությունը սահմանափակումներով թույլ էր տվել նույնիսկ Նորաշենի տարածքում, բայց «Սևան ստարտափ սամիթից» արձագանքեցին՝ պայմանները շատ խիստ են, նման սահմանափակումներով անհնար է սամմիթ կազմակերպել:
«Բազմաթիվ փորձեր են արվել հանդիպել շրջակա միջավայրի նախարարի հետ և քննարկել հարցն ավելի վաղ փուլում։ Կապի դուրս գալու մեր դիմումները մնացել են անպատասխան։ Հաշվի առնելով նախորդ տարիների թույլտվության հանգամանքը՝ մենք մնացած մասերով շարունակել ենք նախապատրաստական աշխատանքներն այն տրամաբանությամբ, որ տարածքը մեզ կտրամադրվի, ինչպես նախորդ տարիներին։ Շրջակա միջավարի նախարարությունից տարածքի մերժման գրություն ստացել ենք այն ժամանակ, երբ այլևս հնարավոր չէր որևէ այլ վայրում իրագործելի դարձնել սամիթի կազմակերպումը՝ հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները»։
Նախարարությունից վստահեցնում են՝ ուղարկած նամակների պատասխանները չեն ուշացրել: Իսկ թե ինչու են Սևանի նույն տարածքում 2009-ից անցկացվող սամիթի՝ բնությանը հասցվող վնասները միայն հիմա գնահատվում.
Ոսկեհատ Գրիգորյան - Այս տարի միջոցառման ծավալների հետ կապված փոփոխություններ կան:
Սամիթի թիմից էլ հիշեցնում են, որ դեռ 2018-ին ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովն էր խնդիրը քննարկել, որոշել չարգելել միջոցառման անցկացումը Նորաշենի արգելոցում՝ հաշվի առնելով պետական շահը, և հարցի քննարկումը թողնել հետագային: «Սևան ստարտափից» հակադարձում են՝ փնտրել են, այլ հարմար տեղ չեն գտել: Սամիթի թիմն ասում է՝ մեծ գումարներ են կորցրել, բայց երկխոսության պատրաստ են: Առաջիկայում այս թեմայով ասուլիս են նախատեսել: