Կառավարությունը փոփոխություններ կատարեց «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցների ցանկը հաստատելու, մրցույթի ընթացակարգի մասնակցության հայտերի ներկայացման հրավերին հավանություն տալու և մրցութային հանձնաժողովի կազմը հաստատելու մասին որոշման մեջ:
Դեռևս 2019 թվականից սկսված գործընթացի արդյունքներն արձանագրելով՝ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ խոսքը 200 մվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման մասին է:
«Արդեն ունենք հաղթող ընկերություն: Մրցութային նախապայմաններից էր, որ պետական ընկերություններից մեկն այս պրոցեսում ևս ունենա մասնակցություն: Բավականին խոշոր ներդրումային ծրագիր է՝ մոտավորապես 174 միլիոն դոլար»,- ասաց Ավինյանը:
Կայանը կառուցվելու է Դաշտադեմ և Թալին համայնքների տարածքում: