ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում անդրադարձավ հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներին:
«Միջազգային հանրության, միջազգային ու տեղական դիտորդների արձանագրումը միանշանակ է՝ ընտրություններն անցել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան»,- հայտարարեց նա: Փաշինյանի խոսքով՝ իշխանություններն ըստ էության նոր ստանդարտ են սահմանել:
«2018 թ., երբ տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, միջազգային հանրությունն աննախադեպ բարձր գնահատականների արժանացրեց, և այն ժամանակ կար կոնտեքստ, որ ասում էին՝ ընտրությունների արդյունքներն ակնհայտ էին բոլորի համար, և գործող կառավարությունը կեղծելու անհրաժեշտություն չուներ: 2021 թ. ԱԺ ընտրությունների հնարավոր արդյունքները կանխատեսելի չէին, և բոլորը գիտեին, որ երրորդ հանրապետության պատմության ամենաանկանխատեսելի ընտրություններն էինք անցկացնում: Եվ շատ կարևոր է, որ մենք արձանագրեցինք մեր քաղաքական կամքն ու արժեհամակարգը. ինչպես մեր հանրությանը խոստացել էինք՝ ընտրողների ազատ կամքի արտահայտման անառարկելիությունը մեզ համար անկյունաքարային արժեք է»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ընտակաշառքի, ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցություն գործելու դրսևորումների վերաբերյալ քրեական գործեր են հարուցվել: «Համոզված եմ՝ դրանք պատշաճ քննության կենթարկվեն, համապատասխան ընթացք կստանան: Ուզում եմ հավատալ, որ ՀՀ-ում ընտրությունների արդյունքների կեղծման էջն անշրջելիորեն փակված է»,- ասաց Փաշինյանը: