Կառավարության որոշմամբ՝ «Արտեկ փովեր սիստեմա» ՍՊԸ-ն ներառվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում:
Ընկերությունը ազատ տնտեսական գոտում նախատեսում է ծավալել բարձր և նորարարական տեխնոլոգիաների, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն՝ 2021-2025 թթ. իրականացնելով 4,250,000 հազ. դրամ ներդրում: Ծրագրի ընթացքում կստեղծվի ավելի քան 85 նոր աշխատատեղ` շուրջ 450 հազ. դրամից (առաջին տարում) մինչև 550 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով:
Ընկերությունը գործունեության առաջին տարում ունենալու է մոտ 250 քմ գրասենյակային տարածք ազատ տնտեսական գոտում, որն ընդլայնվելու է՝ հասնելով 1000 քմ մակերեսի հինգերորդ տարում:
Մեկ այլ որոշմամբ «Ինտերակտիվ սմարթ տեխնոլոջի ֆեզ» ՍՊԸ նույնպես ներառվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում: Ընկերությունն իրականացնելու է բարձր և նորարարական տեխնոլոգիաների արտադրության և արտահանման ոլորտում գործունեություն, մասնավորապես՝ էլեկտրոնային սարքերի արտադրության համար:
Ծրագրի շրջանակում (2021-2025 թթ.) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 67,704,000 հազ. դրամ, կկստեղծվի 60 նոր աշխատատեղ` շուրջ 350 հազ. դրամից (առաջին տարում) մինչև 400 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով: Ընկերությունն ունենալու է մոտ 650 քմ արտադրական տարածք: