Հայ ռազմագերիների հարազատներից մի քանիսը նստացույց են սկսել Կառավարության շենքի մոտ: Նրանք պահանջում են, որ իշխանությունն ու միջազգային հանրությունը գործադրեն բոլոր հնարավոր միջոցները՝ Ադրբեջանին ստիպելով վերադարձնել հայ գերիներին, դադարեցնել ապօրինի դատական գործընթացները:
Նստացույցի մասնակիցները 2020 թ․ դեկտեմբերին Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի դիրքերից գերեվարված աշխարհազորայինների հարազատներն են։ Երեկ երեկոյան նրանք հանդիպել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն հրաժարվել են լրագրողներին հայտնել հանդիպման մանրամասները:
«Մեր խնդրանքն է միջազգային հանրությանը, ինչպես նաև Հայաստանի կառավարությանը՝ շուտափույթ վերադարձնել հայ ռազմագերիներին»,- ասել է գերեվարվածի եղբայր Տիգրան Ամբարդանյանը: