Հունիսի 23-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Գյումրիում ներկա է գտնվել Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի բացման արարողությանը: Այն գործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության, «Հայփոստի» և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:
Կարմիր ժապավենը կտրելուց և գրասենյակի պաշտոնական բացումն ազդարարելուց հետո փոխվարչապետի պաշտոնակատարը հանդես է եկել ողջույնի խոսքով: Նա նախ շնորհավորել է ՀՀ-ում տեղի ունեցած, ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրությունների կապակցությամբ. «Ես կարծում եմ, որ սա մեր երկրի, մեր ժողովրդի համար շատ կարևոր հանգրվան է, և այս հանգրվանից հետո մենք իրապես արժևորում ենք ժողովրդավարության հաղթանակը, և բացելու ենք հնարավորությունները երկարաժամկետ զարգացման և խորքային բարեփոխումների ընդունելի փուլի համար»: Տիգրան Ավինյանը հավելել է, որ դեռևս 2018 թ. Հայաստանի կառավարությունը որպես առաջնահերթություն է ընդունել հանրային կառավարման բարեփոխումների օրակարգը. «Հանրային կառավարման բարեփոխումները բաղկացած են 4 հիմնական հենասյուներից, որոնցից մեկը հենց հանրային ծառայությունների մատուցումն է, և հանրային ծառայությունների մատուցման որակից է նաև կախված պետություն-քաղաքացի փոխհարաբերությունների մակարդակը: Կարելի է ասել, որ սրանք առաջին քայլերն են հանրային կառավարման բարեփոխումների ոլորտում, ինչից հետո ունենալու ենք ծառայությունների մատուցման թվային հարթակներ, հեռախոսային հավելվածների միջոցով ծառայությունների ստացում և, այս տարվա ավարտին, մենք ակնկալում ենք ունենալ նմանատիպ հավելվածներ»:
Փոխվարչապետի պաշտոնակատարը միաժամանակ նշել է, որ միասնական գրասենյակները ոչ միայն հնարավորություն են ստեղծում կենտրոնացնել պետական ծառայությունները մեկ հարկի տակ և ազատել քաղաքացուն տարբեր պետական մարմիններ այցելելուց և ժամանակի կորստից, այլ նաև որակապես փոխվում է ծառայության որակը. «Ուզում եմ շնորհավորել բոլորին այս մեծածավալ աշխատանքի իրականացման համար, ուզում եմ շնորհավորել Գյումրու բնակիչներին, հասարակությանը, մեր մյուս նախարարություններին, գերատեսչություններին, «Հայփոստին»՝ կատարված աշխատանքների համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր միջազգային գործընկերներին, ում շնորհիվ այս աշխատանքը դարձավ իրականություն»:
Տիգրան Ավինյանը շրջել է գրասենյակում, ծանոթացել մատուցվող ծառայություններին: 29 պատուհաններից յուրաքանչյուրը նախատեսված է կոնկրետ խմբի ծառայությունների համար: Միասնական գրասենյակը Շիրակի մարզի բնակիչներին հնարավորություն է տալիս ստանալ շուրջ 110 ծառայություն մեկ վայրում, այդ թվում՝ ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, Ազգային արխիվի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ կադաստրի կոմիտեի ոլորտներում: Հանրային ծառայությունների միասնական գրասենյակների թիվն առայժմ երկուսն է. Երևանում գործողը գրասենյակը տեղակայված է Վազգեն Սարգսյան 3 հասցեում, իսկ Իջևանում գործողը՝ «Հայփոստի» բաժանմունքի Երևանյան-10 հասցեում։
Գրասենյակի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը, ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներ: