Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղակայված 7-րդ տարածքային ընտրական հանձնաժողովում վերահաշվարկ է: Ընտրությունների արդյունքում այստեղ երկրորդ տեղը զբաղեցրած «Հայաստան» դաշինքը դիմել է 7/7 ընտրատեղամասի արդյունքների վերահաշվարկի համար. պարկը պատռված է եղել:
Նախնական արդյունքով՝ այս ընտրատեղամասում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 461 ձայնով, երկրորդ տեղում «Հայաստան» դաշինքն է՝ 270 ձայնով: Վերահաշվարկն ընտրության արդյունքների վրա չազդեց՝ 26 ուժի ձայների մեջ որևէ փոփոխություն չեղավ:
Արմեն Թամրազյան (7-րդ տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ) - Բոլորը հաշվեցին, ու բոլոր թվերն արձանագրության թվերի հետ ոչ մի շեղում չկար, պարկը ճիշտ փակված չէր, ու մենք պարտավոր էինք վերահաշվարկ կատարել:
Այս ընտրատեղամասում խնդիր էր առաջացել տեխնիկական սարքով գրանցվածների ու փաստացի դրոշմանիշով քվեարկած անձանց թվի հետ՝ տարբերությունը 3 էր, վերահաշվարկը տարբերությունը նվազեցրեց 1-ի, ինչի պատճառը, ըստ հանձնաժողովի անդամների, տեխնիկական սարքավորումն է եղել: Հանձնաժողովի անդամների հետ համակարծիք չէ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը:
Ռոբերտ Հայրապետյան («Հայաստան» դաշինքի անդամ) - Մենք պահանջ ներկայացրեցինք տպիչ մեքենաների կտրոնները հաշվարկելու, արդյունքում՝ հայտնաբերեցինք մի շարք կտրոններ առանց անձի լուսանկարի, ընդամենն անուն ու ազգանուն էր, սա փաստում է դիտորդների այն արձանագրությունը, որ քվեարկել են մարդիկ, որոնք այստեղ գրանցված չեն:
Ռոբերտ Հայրապետյանի գնահատմամբ՝ այս ամենը պետք է ուսումնասիրվի, գնահատական տրվի, թե պարկն ինչու է պատռված եղել, իսկ ամենի համադրման արդյունքում դաշինքի անդամը չբացառեց, որ այս տեղամասի արդյունքները կարող են անվավեր ճանաչվել: Հայրապետյանի հետ համակարծիք չէ 7-րդ տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Թամրազյանը:
Արմեն Թամրազյան - Կտրոնները ապարատն առանց նկարի էր հանում:
Թամրազյանի խոսքով՝ նախկինում անձնագրի նկարը փակցված է եղել, իսկ հիմա փաստաթղթում նկարն առանձին չի տեղադրվում՝ այնպես են տպում, որ ապարատը ճանաչի:
Հեղինակ՝ Անի Օհանյան