Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների կատարման ընթացքը, հաղորդում է ТАСС-ը:
«Անդրադարձ է կատարվել մի շարք թեմաների, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը վերաբերող Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի համաձայնագրերի կատարման համատեքստում: Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի կարևոր ներդրումը տարածաշրջանի հետկոնֆլիկտային զարգացման գործում»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
Լավրովն ու Բայրամովը գոհունակությամբ նշել են, որ չնայած համավարակի բացասական ազդեցությանը, ռուս-ադրբեջանական բազմաբնույթ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են, և առևտրատնտեսական փոխգործակցությունն աճում է: «Դրան մեծապես նպաստում է Ռուսաստանի և Ադրբեջանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստի որոշումների կատարումը, ինչպես նաև վերջերս Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները»,- հավելել է ԱԳՆ-ն:
Կողմերը պայմանավորվել են արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով հետագա շփումների մասին։