Ստրասբուրգում Հունգարիայի նախագահությամբ շարունակվում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը: Հայ պատվիրակության ուշադրության կենտրոնում 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներն են: «Մինչ աշխարհը պայքարում էր համավարակի դեմ, Արցախում երեխաները թաքնվում էին ապաստարաններում»՝ Եվրոպայի ամենաբարձր հարթակներից մեկում ահազանգ է հնչեցրել Հայաստանի պատվիրակության անդամը՝ շեշտելով՝ համավարակի պայմաններում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով, որն ակնհայտորեն վայելում էր Թուրքիայի աջակցությունը, բազմաթիվ վիրավորներ բժշկական օգնության կարիք ունեին, և արդյունքում Հայաստանի և Արցախի առողջապահական համակարգերը հայտնվեցին աննախադեպ ճնշման տակ:
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը, մասնավորապես նշել է. «Սա հարկադրեց COVID-19-ի բուժման հարցով մասնագիտացված կենտրոններին վերափոխվել և հարմարվել նոր իրավիճակին: 150000 բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղում, մինչև Ադրբեջանի հարձակումը, քովիդով 300 հիվանդ էր բուժում ստանում, սակայն բազմաթիվ ավերածությունների և տեղահանության հետևանքով անհնար դարձավ շարունակել համավարակի հետ կապված վիճակագրությունը: Բացի այդ, բազմաթիվ մարդկանց առկայությունն ապաստարաններում համավարակի տարածումը դարձրեց անկառավարելի»:
Հայ պատվիրակը «Covid 19-ի ազդեցությունը երեխաների իրավունքների վրա» զեկույցի քննարկման ժամանակ հիշեցրեց՝ պատերազմի հետևանքով երեխաները տուժել են ոչ միայն ֆիզիկապես. նրանցից շատերը կորցրել են իրենց ծնողներին, տունը և ստիպված են եղել նայել մահվան աչքերին:
«Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում 71 դպրոց և 14 մանկապարտեզ ավերվել են: Համավարակով ուղեկցվող ագրեսիայի հետևանքով, ավելի քան 8000 աշակերտ զրկվել է կրթություն ստանալու իրավունքից: Այսպիսով, համավարակով ուղեկցվող ագրեսիան կործանել է Արցախում և Հայաստանում ապրող բազմաթիվ երեխաների կյանքեր՝ ստեղծելով բազմաթիվ առողջական և հոգեբանական խնդիրներ ամբողջ կյանքի համար»,- նշել է Հայրապետյանը:
Հայաստանի պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանն էլ եվրապատգամավորներին հիշեցրեց համավարակի պատճառով ՄԱԿ-ի քարտուղարի հրադադարի կոչը և շեշտեց՝ Ադրբեջանը լավ չհասկացավ հրադադար տերմինը և օգտագործեց համավարակը, որպեսզի հարձակում գործի Արցախի Հանրապետության վրա: Հայ պատվիրակը անդրադարձավ նաև Ադրբեջանի կողմից հայ երեխաների իրավունքների կոպտագույն խախտումներին:
«Նրանք տեսնում էին իրավիճակ, երբ պատերազմ էր ընթանում երկու ճակատով. առաջինը՝ ընդդեմ համավարակի, որի դեմ աշխարհում բոլորն էին պայքարում, և երկրորդը՝ ընդդեմ ագրեսիայի: Առանձնացնենք թվեր, որպեսզի դուք ավելի լավ պատկերացնեք: Մոտ 40000 երեխա ստիպված էր լքել իր տունը՝ ագրեսիայից պաշտպանվելու համար: Նրանցից շատերը ստիպված էին լքել այնքան արագ, որ անգամ չէին կարող իրենց հետ վերցնել առաջին անհրաժեշտության իրերը: Այս թեմայի քննարկումը շատ կարևոր է, քանի որ ես չեմ ուզում, որ ոչ մի երեխա ամբողջ աշխարհում հայտնվի այսպիսի իրավիճակում»,- նշել է Սոս Ավետիսյանը:
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանն էլ հայտարարել է, որ աշխարհում համավարակի ստեղծած իրավիճակից ոչ թե դասեր են քաղում, այլ այն օգտագործում են իրենց ռազմատենչ նկրտումներն իրագործելու համար՝ համավարակի օրերին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան մատնացույց արեց նաև:
«Ի՞նչ աջակցություն կարելի է ակնկալել Ադրբեջանի և Թուրքիայի պես երկրներից, որոնք համավարակի օրերին սանձազերծեցին 44-օրյա Արցախյան պատերազմը՝ ներգրավելով վարձկանների, խաղաղ հայ բնակչության դեմ օգտագործելով արգելված զինատեսակներ։ Ի՞նչ ակնկալել Ադրբեջանից, որն այսօր էլ ոտնձգություններ է կատարում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Եվ հարց եմ տալիս՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ այս ամենից հետո այդ պետությունները մնում են անպատիժ»,- նշել է հայ պատվիրակը:
Մելքումյանը հիշեցրել է նաև Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող հայ գերիների մասին, շեշտել՝ Ադրբեջանը ներխուժել է Եվրոպայի խորհրդի անդամ պետության ինքնիշխան տարածք: Մելքումյանը խոսքը եզրափակեց Եվրոպային ուղղված կոչով՝ ձեր որոշումները պետք է լինեն դիպուկ, օպերատիվ և հասցեական: