«Նարեկացի» արվեստի միությունը դարձյալ հյուրընկալել է թատրոնի և կինոյի դերասանուհի, ռեժիսոր, պրոդյուսեր Նորա Արմանիին: Հոլիվուդում, անգլիական, ամերիկյան, եգիպտական սերիալներում և, իհարկե՝ ազգային կինոյում, նաև թատրոնում նրա հարուստ փորձառությունը գրավում և մեծ ձգողականությամբ երիտասարդներին բերում է Արմանիի վարպետաց դասերին: «Նարեկացի» արվեստի միությունում նրան միշտ են սպասում:
Էկրանին և բեմում տասնյակ հետաքրքիր կերպավորումների փորձով դերասանուհին սահուն անցում կատարեց նախ ռեժիսուրային, ապա նաև՝ պրոդյուսերությանը: Մշտապես հետևում է աշխարհում և, մանավանդ, Հայաստանում, կինոյի, թատրոնի զարգացման միտումներին և շարունակում է պնդել՝ արվեստը մարդուն ավելի լավը դարձնելու առաքելություն ունի:
Նյու Յորքում դերասանուհին նաև իր կինոփառատոնն է ստեղծել, որն անցկացվում է արդեն 8-րդ տարին. աշխարհի 35 երկրներից 500 ֆիլմ են ցուցադրել: Վերջին տարիներին հայկական ֆիլմերը՝ Դավիթ Սաֆարյանի, Անահիտ Աբադի, Միքայել Պողոսյանի, Սերժ Ավետիքյանի ֆիլմերը լավագույնների թվում են: Երիտասարդներին էլ կրկին հիշեցնում է՝ աշխարհին կարող ենք հետաքրքրել միայն մեր տեսակի ինքնատիպությամբ:
Արմանին Երևանում է երջանիկ առիթով. վերջապես իրականացրել է տարիների երազանքը՝ Հայաստանի քաղաքացիություն է ստացել ու եկել է հայկական անձնագիրը ստանալու և Երևանում բնակություն հաստատելու:
Արդեն աշնանը Երևանում որպես պրոդյուսեր մի ֆիլմ կսկսի, որի բոլոր հերոսները կանայք են: Եվ դարձյալ կհնչեցնի կարևոր հարցը՝ պայքարե՞լ, թե՞ ադապտացվել, երբ կյանքում ինչ-որ բան չի ստացվում: