Առավոտ կանուխ վերկացից մինչև կրակային պատրաստություն, ռազմարվեստի պատմության ուսուցումից մինչև վրանային պայմաններում գործնական հմտությունների ձեռքբերում. առաջիկա օրերն աշակերտները կանցկացնեն զինվորական առօրյային և կարգուկանոնին համապատասխան:
«Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից ստացած գիտելիքները գործնական ճանապարհով ամրապնդելու և դրանց համապատասխան կարողություններն ու հմտությունները զարգացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացնում է ՀՀ դպրոցների 11-րդ դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարի փորձնական ծրագիրը:
Այսօր Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում տեղի է ունեցել ծրագրի բացման արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը: Այս տարի ռազմամարզական ճամբարի ծրագիրը փորձարկվում է Երևանի Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ, Ա. Իսահակյանի անվան թիվ 16, Չարենցավանի Մ. Մաշտոցի անվան ավագ և Գեղաշենի Ռ. Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցների շուրջ 100 աշակերտների շրջանում:
Ծրագրի պատասխանատուն Ա. Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցն է: Վերջինիս տնօրեն Արկադի Պետրոսյանի ուղեկցությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շրջել է ճամբարում, ծանոթացել պայմաններին, նյութատեխնիկական հագեցվածությանը: Ողջունելով ճամբարի մասնակիցներին և աշխատակիցներին՝ Ժաննա Անդրեասյանը խոսել է ծրագրի կարևորությունից:
«Մենք առաջնային խնդիր ունենք բարելավելու «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցման որակը և այն արդյունքները, որոնք ակնկալում ենք շրջանավարտներից: Միևնույն ժամանակ հասկանալի է, որ արդյունքների համար առարկան պետք է ունենա գործնական բաղադրիչ, ուստի չափորոշչի վերանայման ընթացքում ռազմամարզական ճամբարը նախատեսեցինք իբրև «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի պարտադիր մաս: Այս ծրագիրը բոլորիս համար առանցքային նշանակություն ունի, բոլորս գիտակցում ենք այն լուրջ մարտահրավերները, որոնց բախվել է մերը երկիրը»,- ասել է նա:
Դիմելով ռազմամարզական ճամբարի մասնակից աշակերտներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ մեծ է նրանց դերը ծրագրի կայացման և լրամշակման գործում:
«Ծրագիրը լինելու է պարտադիր բոլոր դպրոցների համար: Ձեր՝ առաջին մասնակիցների դերը չափազանց մեծ է դրա կայացման գործում: Մեզ համար կարևոր են ձեր և զինղեկների կարծիքները, դիտարկումները՝ ծրագիրն առավել հասցեական և նպատակային դարձնելու համար: Այդպիսով հաջորդող տարիների մասնակիցների համար նաև ձեր շնորհիվ այս գործընթացը կանցնի առավել արդյունավետ: ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է ձեզ հետ անցնել այս ճանապարհը և բարելավել կրթության որակը, որպեսզի դպրոցն ավարտելիս դուք ունենաք մեր պետությանը և հասարակությանն անհրաժեշտ որակներ: Շնորհակալ եմ, որ համաձայնել եք մասնակցել այս փորձնական ծրագրին: Առանձնահատուկ շնորհակալ եմ աղջիկ մասնակիցներին. ՆԶՊ-ի շրջանակում պետք է ունենանք հավասար մասնակցություն»:
12-օրյա ճամբարի ծրագիրը համարվում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի 8-11-րդ դասարանների առարկայական ծրագրի գործնական և կիրառական մասը: Ճամբարի ուսումնական գործընթացի ծրագիրը ներառում է հետևյալ թեմաները՝ ռազմարվեստի պատմություն, մարտավարություն, մարտավարաֆիզիկական, կրակային, շարային, հոգեբանական պատրաստություն, համազորային կանոնադրություններ, ռազմական տեղագրություն (գործնական), անվտանգ կենսագործունեություն, առաջին օգնություն, կապ և հեռահաղորդակցություն, գոյատևման հիմունքներ: