Վերջին տասնամյակում մեծացել է միջուկային զենքի օգտագործման վտանգը, տեղեկացնում է DW-ն: Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, զինաթափման հարցերով գերագույն ներկայացուցիչ Իձումի Նակամիցուն:
«Կանխամտածված գործողությունների, պատահարի կամ սխալ հաշվարկի արդյունքում միջուկային զենքի օգտագործման ռիսկը ամենաբարձրն է սառը պատերազմից ի վեր», - ասել է բարձրաստիճան պաշտոնյան և ընդգծել, որ զենքի վերահսկման ռեժիմը «շարունակում է փլուզվել»:
Միջուկային զենքի վերահսկումը դարձավ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Պուտինի և Բայդենի՝ հունիսի 16-ին Ժնևում կայացած հանդիպման թեմաներից մեկը: Համատեղ հայտարարության մեջ նրանք շեշտեցին, որ «նույնիսկ լարվածության պայմաններում կարող են նվազեցնել զինված բախումների և միջուկային պատերազմի սպառնալիքի ռիսկը»:
Միաժամանակ Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) զեկույցում, որը հրապարակվել է հունիսի 14-ին, նշված է, որ աշխարհում մոտ 2000 միջուկային մարտագլխիկ գտնվում է բարձր մարտական պատրաստության վիճակում: Նրանց մեծ մասը պատկանում է Մոսկվային և Վաշինգտոնին՝ կազմելով աշխարհի միջուկային պաշարների ավելի քան 90 տոկոսը: Երկու երկիրն էլ մեծ նշանակություն է տալիս միջուկային զենքին՝ իրենց ազգային անվտանգության ռազմավարությունում, ասում են զեկույցի հեղինակները: