Հայաստանը 4 տարով ընտրվել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի անդամ։ Կողմ է քվեարկել եվրոպական 24 պետություն։ Զբոսաշրջության կոմիտեն այն կարևոր ձեռքբերում է համարում, Հայաստանն այսուհետ քվեարկելու և ձայնի իրավունք կունենա:
Սոնա Հովհաննիսյան (Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ) - Տարածաշրջանից տարբեր պետություններ են ընդգրկված, այսինքն՝ ընդլայնվում է համագործակցության շրջանակը, հնարավորություն ենք ունենում տարբեր տարածաշրջանների երկրների հետ համագործակցելու:
Զբոսաշրջության ոլորտի կառույցը 150-ից ավելի երկրների է համախմբում: Իրականացնում են տարբեր ծրագրեր ու նախաձեռնություններ: Հայաստանը խորհրդի անդամ դառնալու համար դիմել էր դեռ ամիսներ առաջ: Հունիսի սկզբին էլ պատվիրակությամբ Աթենքում մասնակցեց Եվրոպայի տարածաշրջանի 66-րդ նիստին։
Սոնա Հովհաննիսյան - Շատ լուրջ աշխատանք են տարել մեր արտգործնախարարությունը, դիվանագիտական կառույցները, իրենք ևս մեր պատվիրակությանը միացել են:
Հայաստանը մեկ այլ ձեռքբերում էլ ունի՝ 2022-ին ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստը կանցկացվի Հայաստանում:
Սոնա Հովհաննիսյան - Լավ հնարավորություն է երկիրը ներկայացնելու, համագործակցությունը ընդարձակելու:
Զբոսաշրջության ոլորտում ծառայությունների որակի բարձրացման նպատակով էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման էր ներկայացրել օրենսդրական փոփոխությունների փաթեթ: Կներդրվի ոլորտի վարչական ռեգիստր և զբոսաշրջային ռեսուրսների գրանցամատյանի վարման մեխանիզմ:
Անահիտ Մկրտչյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի զբոսաշրջության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ) - Ոլորտում ծառայությունների որակի բարձրացման նպատակով, ինչու չէ՝ նաև սպառողների շահերի պաշտպանության նպատակով նախատեսվում է զբոսավարների, ուղեկցորդների, զբոսաշրջային օպերատորների, զբոսաշրջային գործակալների, հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանց և զբոսաշրջային ավտոտրանսպորտային ուղևորափոխադրողների գործունեությունը դարձնել ծանուցման ենթակա:
Զբոսաշրջային ոլորտի փոփոխություններին զուգահեռ՝ մեծանում է թե տեղացիների և թե օտարերկրացիների հետաքրքրությունը արշավների նկատմամբ։ Մարդիկ ձգտում են առողջ ապրելակերպի:
Սաթենիկ Աբրահամյան (տուրիստական ընկերության մարքեթինգի բաժնի պատասխանատու) - Հետաքրքրություն դեպի քայլարշավային ուղղությունները: Հայաստանը ամբողջ աշխարհում տուրիզմի տեսակետից դիրքավորված է որպես ավելի լեռնային բնություն ունեցող երկիր, և մեգապոլիսներից հոգնած օտարերկրացիներին հետաքրքրում է Հայաստանը՝ որպես լեռնային տուրիզմի ուղղություն:
Մասնագետի խոսքով՝ կլասիկ տուրերից հոգնած զբոսաշրջիկների համար առաջարկվում են նաև այնպիսի ուղղություններ, որոնք դեռ բացահայտված չեն. այդպիսիք մեր երկրում շատ են: