Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ իր Defender ավիակիրը, միջազգային օրենսդրությանը համապատասխան, խաղաղ անցել է Ուկրաինայի տարածքային ջրերով` հերքելով նախազգուշական կրակոցների մասին ռուսական կողմի հայտարարությունները: Այս մասին ասվում է գերատեսչության թվիթերյան գրառման մեջ:
«Ենթադրում ենք, որ ռուսները ուսումնական կրակոցներ էին իրականացնում Սև ծովում և նախապես զգուշացրել էին իրենց գործողությունների մասին: Կրակոցներից ոչ մեկն ուղղված չէր մեր ռազմանավին, և մենք չենք ընդունում այն պնդումը, թե Defender-ի ճանապարհին ռումբեր են նետվել»,- հայտարարել են նախարարության մամուլի ծառայությունից:
Պենտագոնը հրաժարվել է մեկնաբանել միջադեպը, գրում է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանը ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցներին կոչ է արել հրաժարվել Սև ծովում անցկացվող զորավարժություններից, որոնք իրենց ծավալով և «հստակ ագրեսիվ բնույթով» մեծացնում են Սև ծովում ոչ միտումնավոր միջադեպերի ռիսկերը: Sea Breeze-2021 միջազգային զորավարժությունները՝ երբեմնի ամենամեծը Սև ծովում, կանցկացվեն հունիսի 28-ից հուլիսի 10-ը: Դրանց կմասնակցեն 5000 զինծառայող 32 երկրից, ինչպես նաև 32 նավ, 40 ինքնաթիռ և հատուկ գործողությունների 18 խումբ: