Շինարարները Թումանյան փողոցը դեռ չեն լքում։ Գործը, որքան էլ ձգձգվել, ավարտել է պետք։ Օդում խճճված հաղորդալարերը Երևանի քաղաքապետարանի պատվերով կապալառուն պետք է ստորգետնյա դարձնի 25 փողոցում։
Խաչիկ Թումասյան (շինարարական կազմակերպության աշխատակից) - Խողովակ ենք գցում, որ էն լարերը վերևից իջացնենք գետնի տակը:
Բանվորները հիմա մայթը հատվածաբար են քանդում-բացում, որ նախորդ տարվա պատմությունը չկրկնվի, ստիպված չլինեն հետիոտնի անհարմարության հաշվին աշխատանքը երկար ժամանակով ընդմիջել, մինչև հասկանան, թե պահանջվող չափանիշները չխախտելով նոր կոմունիկացիան ինչպե՞ս անցկացնեն գետնի տակ գտած ինտերնետի գծի կամ թաքուն անցկացված ջրի-կոյուղու խողովակի կողքով։ Այդքան անակնկալ չէին սպասում․ նորմալ իրավիճակում ստորգետնյա քարտեզը պետք է ամեն ինչ հուշեր։
Գևորգ Կանդայան (շինարարական կազմակերպության աշխատակից) - Զգուշացնող նշաններ են լինում, որ էլեկտրական մալուխ է անցնում, հա:
Գործն արագացնելու նպատակով որոշվել է տեխնոլոգիա փոխել։ Անհրաժեշտ 1 մետր խորությամբ խրամատը մեկ ամսից կփորի արդեն հատուկ սարքավորումը, նոր տեխնիկան ճանապարհին է։ Վարորդների աչքը՝ գիշերային պայծառ լուսավորության միանալուն։
Երևանում 66 հազարի կարգի լուսատու կա․ ամբողջը միանգամից փոխել հնարավոր չէ: Գիշերային մթությունից դժգոհող մեքենայատերերին պարզաբանում են քաղաքապետարանից։ Վերջին մեկ ամսում էներգախնայող LED լուսատուներով կահավորվել է երևանյան ևս 10 թունել։ Արդյունքում՝ օրը 24 ժամ միացված վիճակում դրանք շատ ավելի քիչ հոսանք են ծախսում, քան նախկինում գրաֆիկով աշխատելիս․ «Բելաջիոյի» թունելի դեպքում, օրինակ՝ ամսվա 1 մլն դրամը մոտ 10-ն անգամ նվազել է։ Մեկ այլ ծրագրով՝ մայրաքաղաքի 90 խաչմերուկում տեղադրվել է սովորականից ուժեղ լուսավորող 180 լամպ, որ գիշերը հետիոտնային անցումը հատող մարդկանց վարորդները լավ տեսնեն։ Երևանում 2020 թ. փոխված 7092 լուսատուի շնորհիվ քաղաքը 150 մլն դրամի խնայողություն ունի։ Այնպես որ, ՄԱԿ-ի հետ սկսած լուսավորության արդիականացման, Նուբարաշենում ու Դավթաշենում ավարտած ծրագիրը, ըստ փոխքաղաքապետ Սարգսյանի, այս տարի էլ կշարունակեն քաղաքի այլ հատվածներում։
Հրաչյա Սարգսյան (Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ) - Նախաձեռնել ենք հիմնական Երևան մտնող փողոցները՝ Թբիլիսյան, Դավիթ Բեկի, Աջափնյակում որոշ փողոցներ կան, ամբողջությամբ փոխարինման աշխատանքներ իրականացնենք։ Մրցույթն արդեն կայացել է, մինչև օգոստոս, կարծում ենք՝ լուսատուները կլինեն Հայաստանում, փոխարինումը կիրականացնենք մինչև հոկտեմբեր։
Ի դեպ, որպեսզի Մոնթե Մելքոնյան փողոցի պատմությունը չկրկնվի, որտեղ LED-երն այնքան հեռու են դրված, վարորդներն ընթացքից մեկ լույսի մեջ են հայտնվում, մեկ՝ մթի: Նոր ուղղությամբ գործ անելուց առաջ ծրագիրը հիմա պարտադիր մոդելավորում է անցնում․ լուսատուի բարձրություն ու լույսի ցրման անկյուն է հաշվարկվում, որ գիշերվա խավարը հավասար ցրվի: